ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է
2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած «Վազ 21703» մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։
Նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Սկսվել է նախաքննություն։