«Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ գնալ, ուրիշները՝ չկարողացան: Դա այդպես չի, ես չեմ ընդունում դա: Ես չեմ ընդունում, երբ մարդը հնարավորություն ունի՝ մի քանի տոննա բենզին փոխարինել ինչ-որ մարդկանց հետ եւ դրա շնորհիվ իր երեխաները, ընտանիքը օգտագործեն, երբ մենք շտապ օգնության խնդիր ունենք: Եթե ինքն այդքան լավ տղա է, կարողացել է ճարել այդ բենզինը, պետք գար եւ շտաբին հանձներ, ասեր՝ ես այս հնարավորությունն եմ ունեցել: Մենք բոլորս մի նավի մեջ ենք եւ ինքը հասկանալով այդ իրավիճակը, պետք է գար, ասեր՝ ես բերեցի այդ երկու տոննան, որպեսզի ընդհանուր մեր պայքարը, մեր ճանապարհը գնանք միասին, որպեսզի հնարավորություն ունենանք դուրս գալու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արցախցիներին դիմեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ դիմում է մարդկանց ոչ թե իբրեւ պաշտոնյա, այլ իբրեւ մարդ, որ արցախցիների հետ միասին փորձում է ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում:
«Ես չեմ ընդունում այն մարդուն կամ մարդկանց, ովքեր հնարավորություն են ունեցել ռուս խաղաղապահների կամ այլ միջոցով բերել ուտելիք եւ առանձին վաճառել մարդկանց: Չեմ ընդունում, որովհետեւ դա վատ է եւ ոչ մի լավ բանի չի բերելու: Չեմ ընդունում մարդկանց, ովքեր փորձում են փող աշխատել այս դժվարությունների ժամանակ եւ տարբեր հարցեր լուծել: Հարց լուծողներին չեմ ընդունում, որովհետեւ հարցերը պետք է մի կենտրոնից լուծվեն՝ որոշումներ կայացնելով: Չեմ ընդունում այն խանութների տերերին, որոնք պահում են ապրանքը եւ իրենց ծանոթներին ու բարեկամներին են տալիս: Չեմ ընդունում ֆեյքերին եւ սուտ խոսակցությունները»,- ասաց Ռուբեն Վարդանյանը, քանի որ լրատվամիջոցներից մեկն այսօր նաեւ տեղեկություն է տարածել՝ վերագրելով, իրեն խոսքեր, որոնք ինքը չի ասել:
«Ուզում եմ իմ շնորհակալության խոսքն ասել, որ դուք այդպես հանգիստ եւ ուժեղ ընդունում եք այս իրավիճակը, հաղթահարում եք դժվարությունները»,- դիմելով արցախցիներին՝ ասաց Ռուբեն Վարդանյանը, քանի որ իր շփումների եւ հանդիպումների արդյունքում տեսել է բավական բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, ովքեր պատվով են տանում ստեղծված իրավիճակը:
Ըստ Ռուբեն Վարդանյանի, անարդարության մի քանի դեպքեր են եղել այս ընթացքում, բայց դրանք չպետք է դիտարկել կյանքի հաջողված մոդել: Նա խոստացավ, որ ամեն օր պայքարելու է անարդարության դեմ ու հավելեց, որ այն փոքր հնարավորությունները, որոնք այսօր կան եւ թույլ են տալիս փոքր քանակությամբ սնունդ ներկրել, պետք է շատ զգույշ օգտագործել:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ վաղը, աշխատանքային քննարկումներում սննդի բաշխման հարցը կդառնա օրակարգային եւ լուծումներ կստանա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ