Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունվարի 6-ին Հայաստանի արտգործնախարարը մի հեռախոսազրույց էր ունեցել՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի հետ, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, քննարկվել էր Լաչինի միջանցքի հարց:
Թվում է, թե ԱՄՆ ՄԶԳ-ն ուր, Լաչինի ու ընդհանրապես արցախյան հարցն ուր: Բայց, այստեղ երեւի կա մի ուշագրավ նրբերանգ, ավելի շուտ՝ ֆիգուր: Սամանթա Փաուեր: Ի դեպ, ըստ նախկինում ԱՄՆ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք իրականացրած տարբեր գործիչների՝ Հայաստանի հանդեպ իրապես համակրանք ունեցող գործիչ: Դա, իհարկե, քաղաքականություն որոշող, այն էլ գերտերության քաղաքականություն որոշող կատեգորիա չէ, չմոլորվենք, բայց նաեւ քաղաքականության մեջ կարող է ունենալ իր օգտակարությունը, հատկապես, երբ բավականին բարդ իրավիճակներում թանկ է դառնում ամենափոքր հավելյալ ռեսուրսն անգամ:
Փաուերը ԱՄՆ ՄԶԳ ղեկավար նշանակվեց Բայդենի վարչակազմի պաշտոնամուտից հետո:
Կարդացեք նաև
Փաուերի հանգամանքի հանդեպ ուշադրությունը չընկալել ուշադրություն «կախարդի» կամ «մոգի» հանդեպ, որը լուծելու է մեր բոլոր հարցերը: Սա բոլոր հարցերը լուծելու մասին չէ, այլ՝ առկա իրողությունների, դրանցում եղած հնարավոր ամենատարբեր շերտերի, եւ բարդ իրավիճակը հանգուցալուծելու համար անհրաժեշտ ջանքերի, որոնք թերեւս պահանջում են աշխատանք հյուսվածք առ հյուսվածք տրամաբանությամբ:
Ի դեպ, Սամանթան մինչեւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար նշանակվելը, երբ Թրամփի պաշտոնամուտով թողեց ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնը, կարճ ժամանակ անց ներգրավվեց Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ընտրող հանձնախմբի կազմ: Գուցե ավելորդ է հիշեցնել, որ Ավրորայի հիմնադիրը Արցախի ներկայիս պետնախարար Ռուբեն Վարդանյանն է: