ՏԱՍՍ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի և ևս 117 անձանց նկատմամբ։
Ցուցակում ներառված են նաև օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի, արտիստներ Դմիտրի Խառատյանի և Եվգենի Պետրոսյանի, երաժիշտ Ալեքսանդր Ֆ. Սկլյարի, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի, «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի, RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, երգիչներ Սերգեյ Լազարևի և Ստաս Պիեխայի, քաղաքագետներ Տիմոֆեյ Բորդաչևի, Ֆյոդոր Լուկյանովի և Դմիտրի Տրենինի, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուշենցովի, գրող Ալեքսանդր Պրոխանովի, բալետի պարող Վլադիսլավ Լանտրատովի անունները։
Անձանց մեջ, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, կան նաև Ուկրաինայի քաղաքացիներ՝ մասնավորապես, հեռուստահաղորդավար Ժաննա Բադոևան, Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի նախկին խաղացող, այժմ՝ գլխավոր մարզչի օգնական Անատոլի Տիմոշչուկը։
Պատժամիջոցները, ի թիվս այլ սահմանափակումների, ներառում են նաև հաշիվների արգելափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, մշակութային համագործակցության դադարեցում, Ուկրաինա մուտքի արգելում, ուկրաինական պետական պարգևներից զրկում և այլն։
Կարդացեք նաև
Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն 10 տարի:
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերին Զելենսկին պատժամիջոցներ է կիրառել Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցու յոթ ներկայացուցչի նկատմամբ։