Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է տարբեր երկրներում նույն կերպ շրջափակել ադրբեջանական դեսպանատները․ «Առերեսում»

Հունվար 07,2023 22:00

«Այս պահին մենք կարծես թե մնացել ենք մենակ: Եվ ոչ մի երկիր գործնական քայլ չի անում, որ այս հարցը լուծվի,- Արցախի շրջափակման մասին ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր ղեկավար Արսեն Գրիգորյանը («Մրո»):- Այ, այստեղից պետք է սկսենք՝ մենք ի՞նչ ենք անում, մենք ի՞նչ ենք արել այս 2 տարվա ընթացքում, որ չգանք, չհասնենք դրան»:

Համահունչ պնդում իր ամանորյա ուղերձում արել էր նաեւ ՀՀ վարչապետը, թե «Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը», սակայն նաեւ հավելել էր. «Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»: Հարցին՝ արդյոք միջազգային հանրության հայտարարություններն ազդո՞ւմ են Ադրբեջանի իշխանությունների վրա՝ եթե հաշվի առնենք, որ որևէ փոփոխություն չեղավ դրանցից հետո, հաղորդման մյուս հյուրը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը պատասխանեց. «Եթե ազդեցություն լիներ՝ գոնե Փելոսիի գալուց հետո, ՀՀ սահմանից դուրս կգային ադրբեջանական ուժերը… Բայց փաստորեն՝ ոչ մի ազդեցություն չունի: Եվ ընդամենը՝ հա՞, ծեծել են քեզ, դե լավ, գլուխդ կշոյենք, երկու հատ էլ կոնֆետ կտանք, մի քիչ կեր, զբաղվիր»: «Մենք էլ ուրախանում ենք այդ հայտարարությունների համար»,- հավելեց Արսեն Գրիգորյանը:

«Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- ասել էր Փաշինյանը: «Ինքը մե՞ր վարչապետն է, թե՞ Ռուսաստանի,- արձագանքեց Գագիկ Գինոսյանը:-Քո երկիրը կործանվում է՝ դու ասում ես՝ Ռուսաստանը գնա ՄԱԿ: Դու ո՞վ ես, ՄԱԿ-ի անդամ երկրի ներկայացուցիչ չե՞ս, քո երկիրն է կործանվում, պիտի Ռուսաստա՞նը գնա ՄԱԿ, ասի՝ եղբայր, ես չեմ կարողանում, եկեք…»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը մեկ այլ առաջարկ էր արել․ «Անկեղծ պետք է ասեմ, այս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք է փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար։ Գիտենք, որ չստացված փորձեր եղել են, բայց հաշվի առնելով իրավիճակի սրությունը և հումանիտար ճգնաժամի դեպի աղետ գնալու էդ պրոցեսը, որ մենք չպետք է թույլ տանք ոչ մի կերպ՝ էդ երկխոսությունը, կարծում եմ, որ թե’ Ղարաբաղի և թե’ մեր բոլորի շահերից է, որ տեղի ունենա»: Գագիկ Գինոսյանն այս առաջարկին արձագանքեց. «Այս իրավիճակը դուք ստեղծեք՝ նրա՞նք գնան երկխոսության…»: Իսկ Արսեն Գրիգորյանը նշեց. «Թող նոյեմբերի 9-ին այդպես անեին: Թող նոյեմբերի 9-ին ասեին՝ գնացեք երկխոսության Արցախի ղեկավարության հետ»: Այս առնչությամբ հիշեցրեց Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու վերաբերյալ իշխանության խոստումները։

Հայաստանի ԱԳՆ–ն անհրաժեշտ էր համարել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը: «Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», – պատասխան հայտարարություն արեց Ադրբեջանի ԱԳՆ–ն։ Ըստ Գագիկ Գինոսյանի՝ այս հայտարարությունն ապացույց է՝ Ադրբեջանը գիտակցում է, որ ագրեսիա է իրականացնում․ «Եթե ես գիտեմ, որ իմ տանը ոչինչ չի կատարվում՝ ինչի՞ պիտի ասեմ՝ թող չգան, չնայեն։ Եթե իրենք համարում են, թե իրենց ինքնիշխանությունն ինչ որ կերպ վտանգում ենք՝ թող բացեն դռները, բոլորը տեսնեն, որ այդպես չի։ Այսինքն՝ ինքը գիտի, թե ինչ է կատարում»։

Արսեն Գրիգորյանը կոչ արեց չանտեսել մարդկային ճակատագրերը․ «Մեր երեխաներն են այնտեղ, մեր տատիկները, մեր պապիկները․ դա մեզ չի՞ հուզում։ Լոս Անջելեսում ապրող հայեր՝ բոլորդ ելեք, հանրայնացրեք այս հարցը՝ այդպես չի կարելի «քնած» մնալ»։ Իսկ Գագիկ Գինոսյանը ավելի որոշակիացրեց, թե պետք է շրջափակել միջազգային կառույցների գրասենյակները․ «Կարելի էր արտասահմանում՝ տարբեր երկրներում ուղղակի նույն կերպ շրջափակել ադրբեջանական դեսպանատները՝ ասելով, որ մարդասիրական աղետ է տեղի ունենում, այս երկրի կողմից ագրեսիա է կատարվում, ու մենք թույլ չենք տալու մարդասիրական աղետի հեղինակ այս պետության աշխատանքի շարունակություն»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031