Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն, Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
«Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:
Համերգը նկարահանվեց և հեռասփռվեց Հանրային հեռուստաընկերությամբ: Սակայն…
Համերգի ձայնագրության մեջ կրճատված էր հաղորդավարի խոսքը, որը նաև երախտիքի խոսք էր՝ ուղղված այն երախտավորներին, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց նախագիծը:
Կարդացեք նաև
Ցավալի է, բայց, մանավանդ, անընդունելի ու դատապարտելի նման մոտեցումը, որ դրսևորեցին Հանրային հեռուստաընկերության պատկան անձերը: Արդ, այստեղ ենք հրապարակում դահլիճում հնչած, իսկ Հանրային հեռուստաընկերության եթերում փոքրոգությամբ կտրված հատվածը.
«…Որդիական ակնածանքով ու սիրով մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, որ Իր օրհնությամբ կյանք պարգևեց այս նախագծին:
Շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Երախտագիտության մեր սրտագին խոսքն ենք հղում տոնական այս համերգի հովանավորներին՝ Հայ բարեգործական ընդհանուր միությանը, Էվոկաբանկին, Կոնվերսբանկին, Արմսվիսբանկին և բոլոր աջակիցներին»:
Ավելի ուշ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ թյուրիմացությունը շտկված է. «Կուզեմ իմ մասնավոր շնորհակալությունը հայտնել Հանրային հեռուստաընկերությանը՝ ի դեմս Գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիար Տիգրան Վիրաբյանի, որ ազնվաբար և ամենայն պատասխանատվությամբ արձագանքեց մեր արդար վրդովմունքն արտահայտող գրառմանը. Սբ Ծննդյան տոնական մեծ համերգի տեսագրությունն այլևս կամբողջացվի և այդպես կտրվի Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրությանը ներկայացնելու համար:
Եվ թող ոչ ոք չփորձի հանդգնել և խնդիրը նենգաբար շահարկել:
«Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթ. Ե. 6)»: