Լրահոս
Օրվա լրահոսը

2022 թ․-ի «Սև ցուցակ»-ը․ ովքեր են խախտել մարդկանց կամ կազմակերպությունների` տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը

Հունվար 07,2023 12:40

Այս գերատեսչությունների ղեկավարները 2022 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների` տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2022 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումների առցանց հարթակում գրանցվել է 162 տեղեկություն ստանալու հարցում։ Հարցումների 79.6%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 14.8%-ի դեպքում՝ թերի պատասխան։ 2.5% հարցումների պատասխանները ստացել են «անհիմն պատասխան», իսկ 3.1%-ինը՝ «անհիմն մերժում» կարգավիճակ։

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով կորցված մարտական դիրքերի քանակի մասին տեղեկություններ և այդ ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց անվանացանկը: Հոկտեմբերի 3-ին ՊՆ-ը խնդրել է տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ժամանակ, սակայն հոկտեմբերի 19-ին՝ 16 օր անց մերժել է տրամադրել տեղեկությունները: Պատասխանը համարվում է անօրինական, քանի որ, անկախ մերժման հիմնավորումից, խախտվել է մերժումը տրամադրելու՝ օրենքով սահմանված  կարգը․ մերժումը պետք է տրամադրվի 5-օրյա ժամկետում։ Տեղեկություն տնօրինողը լրացուցիչ ժամանակ կարող է խնդրել բացառապես պահանջվող տեղեկությունը օրենքով սահմանված կարգով տրամադրելու համար անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար, ինչը ենթադրում է, որ տեղեկությունը մերժման ենթակա չէ։

http://www.givemeinfo.am/hy/case/3456/

  • ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյան

2022 թ. հոկտեմբերի 17-ին Ինֆորմացիային ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե 2021 թվականի ընթացքում ԱԱԾ-ն քանի հեռախոսային խոսակցություն է ձայնագրել։ Ծառայությունը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել տեղեկությունը՝ նշելով, որ «ԱԱԾ-ն առանձին հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վիճակագրություն չի վարում, քանի որ դրանք համաձայն գործող իրավակարգավորումների դատարանի համապատասխան որոշման ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են»: Պատասխանը համարվում է անհիմն, քանի որ ձայնագրությունների ոչնչացման կարգավորումը բավարար պայման և պատճառ չի կարող լինել ձայնագրության վերաբերյալ վիճակագրություն չվարելու համար, իսկ ԻԱԿ-ը պահանջել է բացառապես քանակական տվյալներ, ինչը այրման ենթակա տեղեկություն չէ:

http://www.givemeinfo.am/hy/case/3458/

  • ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան

2022 թվականի հոկտեմբերի 7-ի տեղեկություն ստանալու հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր Շիրակի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել Գյումրու թիվ 32 դպրոցում ՀՀ Շիրակի մարզպետի հրամանով 2018 թվականին անցկացված աուդիտորական ստուգման արդյունքների ակտը և մասնագիտական եզրակացությունը: Պատասխան գրությամբ մարզպետարանը հայտնել է, որ փնտրվող տեղեկատվությանը ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:»:

Միաժամանակ, Մարզպետարանը վկայակոչել է «Ներքին աուդիտի մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների դրույթները և արձանագրել հաշվապահական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում և ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկությունների՝ առևտրային գաղտնիք լինելը:

Ըստ մարզպետարանի գրության՝ ՀՀ Շիրակի մարզպետարանը չի տնօրինում հարցմամբ փնտրվող տեղեկությունը, սակայն միևնույն ժամանակ հայտնում է, որ այդ տեղեկությունը առևտրային գաղտնիք է, որից պարզ է դառնում, որ մարզպետարանը իրականում տիրապետում է այդ տեղեկությանը, սակայն անհիմն կերպով մերժում է դրա տրամադրումը:

http://www.givemeinfo.am/hy/case/3451/

  • Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 և 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի և գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի և գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար:

http://www.givemeinfo.am/hy/case/3376/

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031