Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատգամավորները հանդիպումներում հորդորում են զերծ մնալ հակառուսական քայլերից

Հունվար 06,2023 18:05

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Մելքումյանը և պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել մի քանի գյուղի բնակիչների հետ, Պողոսագոմերում նրանք ներկայացրել են ստեղծված իրավիճակն ու աշխատանքները, որոնք օպերատիվ շտաբն իրականացնում է ճգնաժամը մեղմելու նպատակով, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

«Շատ կարևոր է, որպեսզի մենք ստեղծված իրավիճակում ունենանք մեր ներքին համերաշխությունը, բոլորս էլ հասկանանք, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ միասնության և համերաշխության մթնոլորտում կարող ենք այս մարտահրավերները հաղթահարել »,-ասել է ԱՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը:

Պատգամավորների և գործադրի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հետաքրքրվել են բնակչությանը մտահոգող խնդիրներով, առաջնայինն, իհարկե վերաբերվել է անվտանգությանը: Պողոսագոմերի բնակիչներից Միշա Դավթյանն ասել է, որ ճիշտ չի լինի հույսը դնել ուրիշների վրա, պետք է համախմբվել առաջնահերթ  դաշնակցի՝ ռուս խաղաղապահների հետ և դուրս գալ այս իրավիճակից:

«Որոշ ապրանքատեսակաների պաշար ունենք, բայց և բնակչությունը պետք է ըմբռնումով մոտենա և  խնայողաբար օգտագործի, քանի որ դեռ պարզ չէ, թե շրջափակումը որքան կշարունակվի»,-դրմբոնցիների հետ հանդիպմանն ընդգծել է Արթուր Հարությունյանը: Նրա  խոսքով, առաջիկա գարնանացան մշակաբույսերի  մշակման դեպքում կլինեն լրացուցիչ պաշարներ:  «Պարենային անվտանգության մասով կան ապրանքատեսակներ, որ չկան, բայց  ապրանքատեսակներ էլ կան, որ ունենալու ենք և մեզ բավարարելու է երկարաժամկետ կտրվածքով էս շրջափակումը հաղթահարելու համար»,-վստահեցրել է պատգամավորը:

Պարենի խնդիր դրմբոնցիներն առայժմ չունեն, բայց վառելիքի հարցն այստեղ էլ է սուղ: Դրմբոնցի Ջիվանշիր Հակոբյանի վստահեցմամբ, գյուղացին իր ամբարած մթերքով դեռևս պարենի խնդիր չունի, բայց վառելիքի խնդիրը լուրջ է

Կոճողոտցիների հետ հանդիպմանը պատգամավորները հորդորել են զերծ մնալ հակառուսական քայլերից՝ դա լինի ակցիաների տեսքով, թե սոցիալական ցանցերում գրառումների տեսքով: Արթուր Հարությունյանը վստահեցրել է, որ դեկտեմբերի 12-ից պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձևաչափով 4 հանդիպում են ունեցել ՌԴ խաղաղապահական զորակազմի  հրամանատարության հետ, ներկայացրել են պաշտոնական Ստեփանակերտի տեսակետը՝ կապված շրջափակման հարցի հետ:

«Իհարկե, մենք նաև հասկանում ենք, որ այստեղ ավելորդ լարվածություն չստեղծելու համար են փորձել հարցին այսպիսի լուծում տալ, բայց ժամանակի ընթացքում պետք է լինելու  ավելի կտրուկ քայլերի դիմել, որովհետև  այսպիսի շրջափակումը կարող է հետագայում վերածվել հումանիտար աղետի»,-նշել է պատգամավոր Հարությունյանը: Պատգամավորները հորդորել են չտրվել սոցիալական ցանցերում ֆեյք-հրապարակումներին , նրանց խոսքով թշնամին տեղեկատվական պատերազմ է սկսել  և հսկայածավալ աշխատանք է իրականացնում: Հերթական ապատեղեկատվությունն էլ վերաբերել է Ստեփանակերտի բնակչության տարհանման վերաբերյալ:

Արցախի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ, կոճողոտցիներին ոչ այնքան ներկան է մտահոգում, որքան որ ապագան, իրենց սերունդների ապագան Արցախում: Ինչ վերաբերում է ադրբեջանական սադրանքներին՝ կոճողոտցիները ևս մեկ անգամ վստահեցրել են, որ արցախցին իր հողում ապրել է դարերով և շարունակելու է ապրել:

Օպերատիվ շտաբի անդամները հայտնել են, որ մինչև հունվարի 10-ը նմանատիպ հանդիպումներ են ունենալու Արցախի բոլոր բնակավայրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031