Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան Հայրապետական սուրբ եւ անմահ պատարագին, որը մատուցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները չէին մասնակցում։
Արարողության ավարտից հետո լրատվամիջոցները զրուցեցին Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ։
-Պաշտոնական վերնախավը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը ներկա չեն։ Ինչո՞վ եք սա պայմանավորում, հավատքի առումով սա խնդիր չէ՞։
-Մենք Հայաստանի հազարավոր եկեղեցիներից մեկում ենք գտնվում։ Մարդիկ, կարող է, տարբեր եկեղեցիներ են գնում կամ չեն գնում։ Ես կարծում եմ, դա յուրաքանչյուր մարդու գործն է՝ երբ գնա եկեղեցի, ինչպես աղոթի, երբ աղոթի։ Ես ամեն տարի, եթե հանրապետությունում եմ, գալիս եմ։ Ես որեւէ բան չեմ տեսնում այստեղ եւ հեռուն գնացող հետեւություն չէի անի։ Այդ իմաստով երեկ եղել է վարչապետի ուղերձը Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված։ Ուզում եմ ասել, որ սա այն թեման չի, որ քաղաքականացնենք։
Կարդացեք նաև
-Դուք սա չե՞ք պայմանավորում նրանով, որ Վեհափառ Հայրապետն է պատարագը մատուցում եւ տարաձայնություններ կան պետության ու եկեղեցու միջեւ։
-Ես չեմ դատավորը որեւէ մեկի տարաձայնության եւ չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ ասել որպես Սուրբ Ծննդյան օրվա առիթ, ինչպես միշտ եմ կոչ արել, միշտ էլ հույս ունեմ, որ ավելի կհամախմբվենք, ավելի կվերանայենք մեր գործերը, կքննենք ինքներս մեզ։ Չէ՞ որ սա այն ժամանակաշրջանն է, երբ որ դու հետ ես նայում եւ քեզ քննում ես, որպեսզի ավելի լավը լինես, ավելի լավ գործես, ավելի հանուն գործես, ոչ թե ընդդեմ։ Եվ ես հույս ունեմ, որ այդ իմաստով ամեն ինչ լավ է լինելու, համախմբված լուծելու ենք մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները։
-Արդեն 26 օր է, որ Արցախը բլոկադայի մեջ է, եւ 120 հազար մեր հայրենակիցներ կտրվել են Հայաստանից եւ աշխարհից։ Ի՞նչ ազդակներ են գալիս Ադրբեջանից, արդյո՞ք որեւէ նախապայման դնում են Հայաստանի առջեւ՝ ճանապարհը բացելու համար։
-Գիտե՞ք, պատրաստված չեմ հիմա հարցազրույց տալու այդ թեմայով։ Կարող եմ ասել, որ Վեհափառի կոչով աղոթք հնչեց հանուն Արցախի, եւ մենք բոլորս դրա մասնակիցը եղանք։ Նաեւ նրանք, ովքեր ուղիղ եթերում են հետեւում, մյուս եկեղեցիներում։ Ուղղակի կարող եմ ասել․ Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները 26 օրվա ընթացքում կիրառել է, կիրառում է եւ շարունակելու է կիրառել։ Նաեւ գիտեք, որ հումանիտար հարցերով խումբ է ստեղծված կառավարությունում փոխվարչապետի գլխավորությամբ։ Այսինքն, ամեն ինչ արվում եւ արվելու է, որպեսզի բլոկադան, այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անում է Ադրբեջանը, դրա դեմն առնենք եւ խնդիրները կարգավորվեն։
Հիմա նորություն ունե՞նք։ Ես նորություն չունեմ ասելու։ Կլինի որեւէ փոփոխություն, դուք կիմանաք։ Բնականաբար, դիվանագիտական հարթակներում է այդ խնդիրը քննարկվում հիմնականում, եւ աշխատանքները 24-ժամյա բնույթ են կրում։ Մի տեղ արեւը մայր է մտնում, մի տեղ դուրս է գալիս, եւ այդ աշխատանքները տարվում են։ Արդյունք այս պահին դեռեւս չունենք։
-Իշխանությունները նշում էին, որ մինչեւ տարեւերջ խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի եւ կստորագրվի։ Ինչո՞ւ են հապաղում եւ ի՞նչն է խնդիրը։
-Դե, տարեվերջը ոնց որ անցել է։ Հայաստանի կամքն է ներկայացվել միջազգային հանրությանը, որ Հայաստանը կամք ունի գնալու միջազգային համաձայնագիր կնքելու, սակայն Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա։ Եվ դուք ինչպես տեսաք, տարին անցավ եւ դա տեղի չունեցավ։ Նաեւ Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Եվ հաջորդ ռաունդ բանակցությունները Մոսկվայում տեղի չունեցան։ Միջազգային հանրությունը տեսնում է, որ դա Հայաստանի ոչ կառուցողական գործողությունների արդյունք չէ։ Ընդհակառակը, Հայաստանը կառուցողական է եւ շարունակելու է լինել կառուցողական։ Բայց դրան ի պատասխան, մենք ունենք Լաչինի միջանցքի փակում եւ շատ այլ, այլ բաներ։
– Իսկ միջանցքի փակման գլխավոր մեղավորն ո՞վ է։ Իշխանությունները սլաքներն ուղղում են ռուսական կողմ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պարտավորվածություն կա՝ պահպանել Լաչինի միջանցքը։
-Ես այդտեղ նոր բան չեմ կարող ասել, որովհետեւ այդ իմաստով ամեն ինչ ասված է։ Կա փաստաթուղթ, որտեղ ամեն ինչ սեւով սպիտակի վրա հստակ գրված է։ Պարզ է, փակել է Ադրբեջանը, պարտավոր է ջանքեր գործադրել Ռուսաստանը։ Եվ, այո, մենք ակնկալում ենք Ռուսաստանից, որ ջանքերը ավելի առարկայական գործադրվեն։ Եվ շարունակում եմ ասել, որ դա արդեն դիվանագիտական խողովակներով քննարկման առարկա է։
-Լաչինի միջանցքի փակումն արդյո՞ք չեք պայմանավորում Հայաստանի իշխանությունների ձախողված դիվանագիտությամբ։ Նաեւ նրանով, որ ասվում է՝ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։ Եվ երբ խոսք գնաց այդ մասին, իշխանություններն ասացին, որ Արցախի հարցը թողնվելու է հաջորդ սերունդներին։ Արդյո՞ք, հաջորդ սերունդներին թողնելու հայտարարությունը նպաստեց նրան, որ Արցախն այսօր այս վիճակում է։
-Չնայած ասացի, որ մեծ հարցազրույց տալու հարմար տեղ չէ, բայց պետք է ասեմ մի բան․ ձախողված դիվանագիտություն արձանագրում են այն ժամանակ, երբ սկսում են իրար վրա կրակել։ Քանի դեռ խոսում են, քննարկում են, դիվանագիտական խողովակները օգտագործվում են, չեմ կարծում, թե դա ճիշտ ձեւակերպում է։ Մնացած մասով, հուսով եմ, այլ առիթներ կունենանք ու կխոսենք։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ