Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում գնահատելով 2022 թվականը եւ խոսելով Արցախի շրջափակման մասին՝ ասաց․ «Երբ 2021 թվականին ասում էինք, որ այն ավելի վատն է, քան 2020-ը, քանի որ աղետ բերող կոնգլոմերատը մնաց իշխանության, պարզվեց, որ 2022-ը էլ ավելի վատն ու խայտառակ էր, որովհետեւ այդ ուժը ոչ միայն կարողացավ մնալ, այլեւ հետեւողականորեն տանում է կործանման։ Բայց աննորմալ իրավիճակը երկար չի կարող տեւել։ Խորը դեպրեսիայի մեջ գտնվող մեր հասարակության մի մեծ ակտիվ հատված իմունիտետով ինչ-որ չափով փորձում է դիմադրել։ Սակայն մեր հասարակությունը ապաքինվելու տեղ ունի եւ այդ ակտիվ հատվածը 2023 թվականին իր տեղն ու դերն ունի աղետ բերած կապիտուլյանտին հեռացնելու գործում։ Հուսադրողը հանրության այդ ակտիվ հատվածն է, որը երբեք չի հուսահատվում, պայքարի դրոշը վերցրել, տանում է եւ շարունակելու է տանել։
Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին։ Նախ, եկեք անկեղծ լինենք, որ միանգամայն կանխատեսելի, ակներեւ էր սցենարը, որ ադրբեջանական կողմը փակելու էր Արցախ տանող ճանապարհը։ Երբ Բերձորը հանձնեցին, ինչը հայկական կողմը որեւէ փաստաթղթով անելու պարտավորություն չէր ստանձնել, մոտ երկու շաբաթ հետո Ջերմուկի իրադարձությունները տեղի ունեցան։ Այսինքն, Ադրբեջանը կապիտուլյանտական ռեժիմից Բերձորը ստացավ սկուտեղի վրա, որին պատասխանեց ագրեսիայով Վայոց Ձորի եւ Սյունիքի ուղղությամբ։ Եվ շնորհիվ հավաքական հայկական ուժերի ու ռուսական 102-րդ ռազմաբազայի, թուրք-ադրբեջանական ագրեսիան այս անգամ եւս կասեցվեց։ Համենայն դեպս, գոնե Ջերմուկը փրկվեց։
Միտքս հետեւյալն է․ երբ դու զիջում ես, թշնամին լկտիանում է։ Ես եղել ու մնում եմ այն մտքին, որ թուրքի կողմից այդ ճնշելը, կապիտուլյանտական ուժերի ճնշվելը, հերթական անգամ զիջումների գնալը մեր պետականության դեմ փոխկապակցված խարդավանքի շատ հստակ սցենար է։ Երբ դու հնարավորություն ունես չզիջելու, բայց զիջում ես՝ շատ լավ իմանալով, որ ամեն մի նոր զիջումը բերելու է հերթական աղետի, հարց է ծագում, թե ում շահերն ես սպասարկում դու», – ասաց Դավիթ Ջամալյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մեր խնդիրները սաստկացան այն ժամանակ երբ բանակում չծառայած հոգեբանի կրթություն ստացածները դարձան ռազմական փորձագետ