Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հատուկ թուրքական ուղի

Հունվար 06,2023 11:22

«Ամերիկայի ձայն». Անկարան աջակցություն է ցուցաբերում Կիևին, բայց միևնույն ժամանակ չի խզում առևտրային կապերը Մոսկվայի հետ։ Որքանո՞վ է արդյունավետ «օսմանյան դիվանագիտությունը». Եվ ո՞ւր է տանելու Թուրքիայի ներսում ազգայնական տրամադրությունների աճը։ Այս հարցերն են վերլուծում քաղաքագետները:

Թուրքիայում 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն է, որին արդեն դատապարտել են երկուսուկես տարվա ազատազրկման: Սա համարվում է քաղաքական պատվեր` հօգուտ Էրդողանի: Սակայն վերջինս այս մասին ոչինչ չի ասում` այն չհամարելով իր օրակարգի հարց:

Ինչպես քաղաքական վերլուծաբան Իքբալ Դուրրենն է ասում «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը. «Շատերն են դժգոհ վերջին տարիներին տնտեսության և քաղաքականության մեջ Էրդողանի զիգզագներից»:

Թուրքիայի նախագահը Հունաստանին սպառնում է հրթիռներով, ահաբեկչության դեմ պայքարելու կոչերով ռմբակոծում է քրդերի դիրքերը Սիրիայում ու Իրաքում:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմին, վերլուծաբաններն ասում են, որ Անկարայի համար այն դարձավ անհավանական հնարավորության պահ: Ռուսական ռազմական և քաղաքական անհաջողությունների պայմաններում Թուրքիան ստանձնում է առաջատար դեր սևծովյան տարածաշրջանում:

Ինչպես Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան է ասում, «օսմանյան դիվանագիտության հնագույն ավանդույթները չեն չեղարկվել»։ Ուկրաինային ռազմական և քաղաքական աջակցություն հայտնելու հանգամանքը Թուրքիային չի խանգարում շարունակել առեւտուրը Ռուսաստանի հետ: Վերլուծաբանները հիշեցնում են Թուրքիայում գազային հանգույց հիմնելու հարցով Պուտինի հետ Էրդողանի բանակցությունները:

Քաղաքագետ Ռամիզ Յունուսը, սակայն, չի կարծում, որ այստեղ պետք է Էրդողանին շատ մեղադրել: Նա հիշեցնում է, որ մինչեւ փետրվարի 24-ը Եվրամիությունն էլ ակտիվորեն շփվում և տնտեսապես համագործակցում էր նույն Պուտինի հետ: «Սակայն այսօր որեւէ մեկը դրա համար չի մեղադրում Բրյուսելին», ասում է նա ու կարծիք հայտնում, որ պատերազմը սկսվել էր դեռեւս մինչեւ փետրվարի 24-ը:

Բոննի համալսարանի քաղաքագետ Զաուր Գասիմովն էլ հիշեցնում է, որ Ղրիմի օկուպացիայից ի վեր էր Թուրքիան հետեւողականորեն ցույց տալիս, որ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Նա հիշեցնում է, որ 2014 թվականից ի վեր Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները բազմիցս են սրվել` ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Սիրիայի պատճառով: «Ռուսական ռազմաօդանավը խոցելուց հետո սկսվեցին պատժամիջոցներ Կրեմլի կողմից, հետո սկսվեց հաշտեցում, ինչը տարավ դեպի «Թուրքական հոսք» գազատար և ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի վաճառքը Թուրքիային», ասում է փորձագետը:

Վերլուծաբանները հիշեցնում են նաեւ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանին պաշտպանելու Անկարայի գործողությունները, որով, ասում են նրանք, Անկարան ՀԱՊԿ-ին իր տեղն էր ցույց տալիս, իսկ Մոսկվան կամ ոչինչ չէր ուզում անել, կամ էլ պարզապես չէր կարողանում։

Անկախ նրանից, որ Անկարայի կողմից ռուսական զենքեր գնելու հանգամանքը զայրացրել է Վաշինգտոնին, Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի համար կարեւոր դաշնակից Մերձավոր Արևելքում: Իսկ Մոսկվայի համար Էրդողանը Եվրոպայի վերջին լուրջ խաղացողն է, ով կապեր է պահպանում Կրեմլի հետ։

Էրդողանն անում է ամեն ինչ, որպեսզի Թուրքիան մնա կենտրոնում եւ ուզում լինել համոզված, որ բոլորը լավ հարաբերություններ են ցանկանում ունենալ Թուրքիայի հետ: Այժմ դա են ուզում նաեւ Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք ՆԱՏՕ մուտք գործելու համար պիտի ստանան նաեւ Թուրքիայի համաձայնությունը:

 

Արամ Վանեցյան

Գարրի Կնյագնիցկի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031