Արդյոք պատասխանատվությունն անձնակա՞ն երեւույթ է, թե՞ հավաքական: Ինձ թվում է՝ երկուսն էլ: Բայց երկու դեպքում էլ դա զուտ կամավոր հանձնառություն է՝ չես կարող այն որեւէ մեկին պարտադրել: Օրինակ, ո՛չ ճարտար լեզվով, ո՛չ էլ սպառնալիքներով որեւէ երկրային կամ երկնային ուժ չի կարող Հայաստանի ներկայիս իշխանություններին ստիպել, որ նրանք պատասխանատվություն զգան արցախցիների իրավիճակի համար: Նրանք իրենք իրենց եւ հազարավոր հայաստանցիներին համոզել են, որ մեղավոր են «նախկիններն» ու ռուսները եւ, հետեւաբար, այս հարցում որեւէ անելիք չունեն: («Մեղավոր», «մեղք» բառը հասարակական-քաղաքական խոսույթում ընդհանրապես անտեղի է, եւ այդ բառերից, կարծում եմ, պետք է խուսափել):
Պատասխանատվության զգացողությունը, մի խոսքով, այնպիսի մի բան է, որը հնարավոր չէ «սրսկել». ատելություն, թշնամանք, անլիարժեքության բարդույթ՝ խնդրեմ, որքան ուզեք, ընդ որում՝ ոչ թե գրամներով, այլ՝ տոննաներով: Իսկ պատասխանատվությունը կա՛մ կա, կա՛մ էլ չկա:
Հավաքական պատասխանատվությունը, հետեւաբար, մի բան է, որի մեջ հնարավոր չէ տվյալ կոնկրետ անձին «խցկել»: Եթե, օրինակ, ես ասեմ, որ բոլոր ռուսաստանցիներն են պատասխանատու այն բանի համար, որ իրենց երկիրը արյունալի պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ, հաստատ կգտնվեն ՌԴ քաղաքացիներ, որոնք կասեն՝ «մենք ի՞նչ գործ ունենք, ինչո՞ւ եք մեր վրա «շառ» անում»: Այսինքն՝ մարդն ինքն իրեն կարող է կապել կամ չկապել տվյալ հանրության հետ:
Դառնալով մեզ, կարող ենք արձանագրել, Հայաստանում եւ աշխարհում կան միլիոնավոր հայեր, որոնք իրենց պատասխանատու չեն զգում մեր պետության եւ Արցախի վիճակի համար: Նրանց պետք է հանգիստ թողնել: Իսկ ի՞նչ պետք է անեն այն հազարավոր հայերը, որոնք այդ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, զգում են: Կարծում եմ, առանձնապես ոչ մի բան՝ պարզապես ապրել գիտակից կյանքով:
Կարդացեք նաև
Վերջերս հարցազրույց էի վերցրել գործարար Հայկ Շեկյանից (նյութն այս շաբաթ կդրվի «Առավոտի» կայքում), եւ նա հրաշալի օրինակ բերեց: Եթե դուք չեք բռնում այն մարդու ձեռքը, որը փողոցում ծխախոտ է գցում, հանրությունը ռեսուրս է ծախսում (թեկուզ կես դոլար)` այդ ծխախոտը գետնից բարձրացնելու համար: Իսկ այդ ռեսուրսը կարող էր ծախսվել մեկ փամփուշտ գնելու վրա:
Այլ կերպ ասած, պատասխանատվության իրացումը միայն կրակելու մեջ չէ: (Չնայած վատ չէր լինի նաեւ կրակել սովորել): Եթե ուսուցիչը երեխաներին վատ է սովորեցնում, եթե բժիշկը վատ է բուժում, եթե շինարարը վատ է կառուցում, դրանով նրանք ծանրացնում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վիճակը: Կամ նույնիսկ՝ եթե այդ ամենն արվում է ոչ վատ, բայց՝ առանց ուժերի գերագույն լարման: Կարծում եմ, մեր խնդիրների լուծումը փոքրամասնություն կազմող պատասխանատու մարդկանց ուժերի գերագույն լարման մեջ է՝ մասնագիտական եւ քաղաքացիական ոլորտներում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
‘Կարծում եմ, մեր խնդիրների լուծումը փոքրամասնություն կազմող պատասխանատու մարդկանց ուժերի գերագույն լարման մեջ է՝ մասնագիտական եւ քաղաքացիական ոլորտներում:’ Լիովին համակարծի՛ք եմ:
Ավելացնեմ, երբ երեխային պատանդ են վերցնում եւ ծնողին շանտաժի ենթարկում եւ փրկագին պահանջում, ծնողական բնազդն է, որ ուժերի գերագույն լարում է պահանջում եւ ստիպում լուծում գտնել, իսկ երբ ժողովրդի մի մասին են պատանդ վերցնում եւ ստիպում են մյուս մասին փրկագին վճարել, սա էլ ժողովրդի հանդեպ ծնողական բնազդ ունեցողներին է վերաբերում, որոնք ուժերի գերագույն լարման մեջ լուծում են փնտրում, ճառ ասողներ չեն, զանգ կախողներն են մեր անմահացած հերոսները, հաշմանդամ դարձած եւ անփորձանք վերադարձած հերոսները, մեր քաղհասարակության ներկայացուցիչները, մի խոսքով’ ժողովրդի հանդեպ ծնողի բնազդով ժողովրդի ազնվականությունն է: Դրա համար է գոյաբանական անհրաժեշտություն, որ իշխանությունը ենթարկեցնել ժողովրդի ազնվականությանը: Հաղթելո՛ւ ենք:
Քանի դեռ չեն պատժվել պետական հանցագործները, որոնք հանցագործություն են կատարել պետության, ՀՀ քաղաքացիների և հայերի դեմ` ոչ մի առաջընթաց չի լինի: Հիմքերը, փաստերն ու ապացույցները բավական են դրանց ցմահ գցել Խոր Վիրապի փոսը:
Բայց կասկածում եմ, որ կգտնվի քաղաքական մի հովիվ, ով իր գառներին բուսական սննդից կտրի և կսովորեցնի միս ուտել: