Արցախի օպերատիվ շտաբի որոշմամբ, պահուստային ֆոնդից սնունդ կհատկացվի սննդի կետերին: Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն այսօր ուղիղ կապով հայտնեց, որ չնայած օպերատիվ շտաբի այդ որոշմանը, հասկանալի է, որ իրավիճակը այդպես երկար չի կարող տեւել, քանի որ շրջափակումը վերաբերում է նաեւ Արցախի ՊԲ-ին, պահուստային ֆոնդը պետք է պահվի ՊԲ-ի սննդի համար: Նրա խոսքով, շատ արցախցիներ նվազագույն սննդին են համաձայն, միայն թե բանակի վրա սննդի կարիքը չանդրադառնա:
«Արցախում է այս օրերին ստեղծվում ազգ-բանակ կոնցեպտը, իրականում այս ամենը ոչ թե կոտրել է արցախցիների պայքարի ոգին, այլ ցասումը կրիտիկական կետին է հասնում, ժողովուրդը փորձում է պայքարի գործիքակազմ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ոչ մի պարագայում չի պատրաստվում իր լքել պատմական հայրենիքը»,- ասաց Արշակյանը:
Նրա տեղեկացմամբ՝ որոշ արտադրամասեր արդեն ալյուրի բացակայության պատճառով չեն գործում, մեկը մյուսի հետեւից փակվում են խանութները, սննդի կետերը: Օպերատիվ շտաբը, որը համակարգում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, փորձում է համակարգված ձեւով սնունդ հատկացնել սննդի կետերին վաճառքի համար, նկատվում են ժողովրդի մեծ կուտակումներ, հերթեր:
Ըստ Արշակյանի՝ բանկոմատների մեծ մասն արդեն կանխիկ գումարի բացակայության պատճառով չեն գործում, լուրջ խնդիրներ են սկսում առաջանալ երեխաների համար նախատեսված սննդի առումով․ «Արցախում 120.000 մարդ տոտալ բլոկադայի մեջ պահելով՝ Ադրբեջանը իր ցեղասպան գործունեությունն է իրականացնում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ