Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կենսական ասպարեզ է Արևմուտքի համար՝ ցույց տալու իր իրական ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում. CNN

Հունվար 05,2023 20:16

Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումից և նրա ավերիչ հումանիտար հետևանքներից հետո Մոսկվային խաղաղարարի դեր հատկացնելը թռիչքային քայլ կլիներ: Բայց աշխարհի մի անկյունում հենց այդպես էլ եղել է, CNN-ի «Կարծիք» բաժնում գրում է ամերիկահայ լրագրող Լարա Սեդրակյանը:

2020թ. Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հետևանքով Ռուսաստանը մնաց հրադադարի հաստատման միջնորդի և երկու կողմերին վերահսկողության տակ պահելու դերում: Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, որոնք ժամանակին հավասարակշռող դեր էին խաղում Հարավային Կովկասում, փաստորեն հետ քաշվեցին ակտիվ դիվանագիտությունից և թույլ տվեցին Ռուսաստանին հանդես գալ որպես միակ միջնորդ: Մոսկվան խաղաղապահներ տեղակայեց տեղում՝ իրավիճակը հանգստացնելու և վերահսկելու համար։

Բայց խաղաղաշինությունը Ռուսաստանին պատվիրակելը վատ գաղափար էր: Այժմ Ուկրաինայում պատերազմի ֆոնին այդ քաղաքականությունը առաջ է բերում հերթական հումանիտար աղետը և կասկածի տակ է դնում Արևմուտքի շահերը տարածաշրջանում:

Քանի որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայում, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ դատավոր չկա, շարունակում է Սեդրակյանը: Ադրբեջանը, օգտագործելով նավթի և գազի իր զգալի հարստությունը, փորձում է տեղում ստանալ առավելագույնը: Այս պահին որոշ ցուցարարներ, որոնք, ըստ փորձագետների, գործում են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող հիմնական ճանապարհը: Ադրբեջանցի քաղաքագետներն ասում են, որ բողոքի ակցիաներն Ադրբեջանում անօրինական են, քանի դեռ դրանք չեն ստանում կառավարության հավանությունը:

Մատակարարումները խիստ սահմանափակվել են 2022թ. դեկտեմբերի 12-ից, երբ սկսվեց շրջափակումը։ Մթերային խանութները սնունդը բաշխում են նորմավորված՝ քիչ քանակությամբ թարմ միրգ կամ բանջարեղեն, կա բժշկական պարագաների խիստ պակաս, դեռ դեկտեմբերի վերջին ասում էին բնակիչները: Ադրբեջանը հայտարարել է, որ շրջափակումը պատասխան է հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանքարդյունաբերության գործունեության: Սակայն հարցը միջազգային միջնորդությանը տանելու փոխարեն, նա որոշել է արգելափակել տարանցումը, մինչև որ չբավարարվեն իր պայմանները, ինչը միջազգային և մարդասիրական իրավունքի խախտում է:

Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնց ես հանդիպել եմ, սրտացավ մարդիկ են, որոնք ունեն խորը մշակութային ինքնություն և խորը քրիստոնեական հավատք, շարունակում է հոդվածագիրը: Նույնիսկ ճգնաժամի իրենց մռայլ օրերին ոմանք փորձում են իրենց ընտանիքներին Սուրբ Ծննդյան տոնի տեսք հաղորդել: Բայց առավել խոցելի խմբերի մոտ լարվածություն է դրսևորվում շրջափակումից. Լեռնային Ղարաբաղում շրջափակված Բիայնա Սուխուդյանը դեկտեմբերի վերջին մեզ ասաց, որ երեխաների մոտ խրոնիկական սթրեսի նշաններ են ի հայտ գալիս, այդ թվում՝ նյարդային խանգարումներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել է, որ երեխաների համար չկան առաջնային մթերք և առաջին անհրաժեշտության ծառայություններ, նրանցից ոմանք բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից:

«Մարդկանց մեծ մտահոգությունը երեխաներին տաքացնելն ու սնվելն է,- CNN-ի հետ հեռախոսային հարցազրույցում ասել է Սուխուդյանը։- Եթե կան երկու մայրեր, և միայն մեկն ունի կաթնախառնուրդ, նա կիսում է կաթնախառնուրդը մյուս կնոջ հետ և մի փոքր էլ կրծքով է կերակրում»։

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և մեկ տասնյակից ավելի երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, կոչ են արել Ադրբեջանին ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, սակայն այդ կոչերն աննկատ են մնացել: Հայերը դա ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց սովամահ անելու կամ վիճելի անկլավից դուրս մղելու ռազմավարություն:

Ռուսաստանը չկարողացավ որևէ էական քայլ անել՝ խնդիրը հարթելու համար։ Բայց նա նաև չի ցանկանում, որպեսզի արևմտյան երկրները քայլ անեն՝ դիմակայությունը լուծելու համար: Նա գերադասում է տեղում լինել հիմնական ուժը՝ օգտագործելով ստացված լծակները՝  իր տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար։

Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվան ավելի ու ավելի է մեծացրել կախվածությունը Թուրքիայից՝ առևտուր կատարելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և Արևմուտքի կողմից մեծ մասամբ արգելված ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը, գրում է Սեդրակյանը:

Քանի որ ռուս-թուրքական հարաբերություններն ավելի են սերտացել, Ռուսաստանն ավելի դժկամ է հետ մղելու Ադրբեջանի պահվածքը: Դա իրավիճակը թողել է ազատ անկման կարգավիճակում, ինչը տանում է ավելի լուրջ և պոտենցիալ մահացու ելքերի: Ինչպես Սրեբրենիցայի ջարդերի առաջին օրերին, երբ միջազգային խաղաղապահները չէին կարողանում գործել, նախքան հազարավոր մարդիկ կկորցնեին իրենց կյանքը: Սա նաև վտանգավոր նախադեպ է ստեղծում ապագա հակամարտությունների համար, երբ մի կողմը սեղմում է հակառակորդ համայնքի կոկորդը՝ դադարեցնելով նրա մատակարարումները՝ այդպիսով ստիպելով կամ տարհանվել, կամ ընդունել իր բանակցային պայմանները:

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտից Մայքլ Ռուբինը, ով ուշադիր հետևում է տարածաշրջանին, CNN-ին ասել է, որ էթնիկ զտումների վտանգ է տեսնում, եթե իրավիճակը չվերահսկվի և շարունակի անտեսվել համաշխարհային տերությունների կողմից:

«Թիվ մեկ հարցն այն է, թե ինչպես ենք մենք դիվանագիտական ​​կամ ռազմական դիտորդների տեղափոխում Լեռնային Ղարաբաղ,- ասել է Ռուբինը: -Ցեղասպանությունը տեղի է ունենում մթության մեջ. եթե ​​մենք կարողանանք լույս սփռել տարածաշրջանում, ապա հաճախ մենք կարող ենք ակտիվորեն կանխել ամենավատ հետևանքները»:

ԱՄՆ-ն անզոր չէ այս իրավիճակում. այն կարող է հումանիտար օդային փոխադրում իրականացնել՝ մատակարարումներ կատարելով Լեռնային Ղարաբաղի համայնքներին, կամ հետագա քայլերի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը դեկտեմբերի 20-ին հավաքվել էր իրավիճակը քննարկելու համար: Ամերիկան ​​նաև ուղղակի լծակներ ունի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որոնք կարող են կայունացնել իրավիճակը, եթե օգտագործի իր դիվանագիտական ​​և տնտեսական գործիքակազմը։

«Երբ Թրամփի վարչակազմը ընդամենը մի քանի պողպատե պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ եկեղեցու հովիվ Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու համար, դրանով հսկայական ճնշում գործադրեց [Թուրքիայի նախագահ] Էրդողանի վրա,- ասել է Ռուբինը։ -Ինչո՞ւ մենք պետք է դեմ լինենք, որ դա արվի Լեռնային Ղարաբաղի հարցում»։

Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ են ունեցել գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին։ Սակայն ապացուցվել է, որ այդ մոդելը պիտանի չէ՝ պաշտպանելու մարդկային կյանքը և կանոնների վրա հիմնված խաղաղ կարգը: Այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում, որը ներկայացվում է որպես ժողովրդավարության դեմ պայքար ավտոկրատիայի դեմ, սա կենսական ասպարեզ է նույնն ասելու և ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում:

Որքան երկար Ռուսաստանն ու Թուրքիան գերակայություն ունեն իրավիճակի վրա, այնքան ավելի դժվար կլինի արևմտյան տերությունների համար իրավիճակը հավասարակշռության վերադարձնել: Այլ կերպ ասած, Հարավային Կովկասի կայունացումը ժամանակի ընթացքում ավելի թանկ է դառնալու։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղության պահպանությունը: Արևմտյան տերությունները այժմ պետք է գործեն դիվանագիտական ​​ողջ կշռով՝ շտկելու սխալը, եզրափակում է Սեդրակյանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    Սեդրակյանը, երևի, տեղյակ չէ, որ Թուրքիան ԱՄՆ հետ միասին ՆԱՏՕ-ի առանցքային երկրներից է։
    Մեզ Արցախում ՆԱՏՕ պետք չէ։ Եվ եթե այնուամենայնիվ, այն մտնի մեր տարածք, բոլոր հեռատես արցախցիները լքելու են Արցախը։ Որովհետև չեն ցանկանում դառնալ ՆԱՏՕ (+ Իսրայել, Ադրբեջան)-Իրան (+ Ռուսաստան) պատերազմի զոհեր։
    Սա հայտարարում եմ ի լուր նրանց, ով գիտակցաբար կամ ոչ ՆԱՏՕ է բերում Արցախ։
    Շատ եք ՆԱՏՕ երազում, ապրեք Թուրքիայում, մեզ էլ հանգիստ թողեք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031