Կենտրոն համայնքի Բրյուսով փողոցին հարակից տարածքում իրականացվող շինարարության պատճառով Բրյուսով փողոցն ամեն օր աղբի մեջ կորած է։ Քամին շինաղբը տարածում է փողոցով մեկ։ Քաղաքապետարանը մայրաքաղաքի որոշ հատվածների ծառերը զարդարել է գունավոր լույսերով, իսկ Բրյուսովի փողոցում քամին ծառերն ու սյուները զարդարել է աղբի գույնզգույն տոպրակներով։
Թեեւ այս հատվածում աղբահանություն կատարվում է, սակայն մաքրության պատասխանատուները ծառերից ու էլեկտրասյուներից կախված տոպրակները չեն մաքրում։ Aravot.am-ն այս խնդրին անդրադարձել էր եւ լուսանկարներով ցույց տվել տարածքի աղտոտված վիճակը։
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից խնդրի առնչությամբ Aravot.am-ին երեկ պարզաբանեցին, որ հրապարակումից հետո Երեւանի աղբահանության եւ սանմաքրման աշխատակիցները մեկնել են նշված հասցե եւ որպես կամավոր հանձնառություն մաքրման աշխատանքներ են կատարել։ «Բայց դա խնդրի լուծում չէ, որովհետեւ ուղղակի պետք է սիրել քաղաքը եւ այն քաղաքացիներն էլ պետք է մաքուր պահեն։ Ինչ վերաբերում է շինարարական աղբի տարածմանը, ապա քաղաքապետարանը լծակ չունի կառուցապատողին պարտադրելու որեւէ բան։ Այդ գործառույթը համապատասխան տեսչական մարմնինն է»,-փոխանցեցին քաղաքապետարանից։
Չնայած քաղաքապետարանից վստահեցրին, որ տարածքը մաքրել են, սակայն տարածքի բնակիչներից մեկը՝ Վարդան Հարությունյանը, որը նաեւ այս խնդրի մասին ահազանգել էր Aravot.am-ին, ասաց՝ մի երկու ծառից վրայից մաքրել են մի քանի գունավոր տոպրակներն ու վերջ․ «Բազմաթիվ ծառերից դեռեւս կախված են տոպրակները»։
Կարդացեք նաև
Վարդան Հարությունյանի խոսքով․ «Գուցե կան նաեւ այլ պատասխանատուներ, չգիտեմ, բայց պահանջվող բոլոր հարկերը վճարող քաղաքացին չպետք է դռնեդուռ ընկնի ու պատասխանատուներ որոնի։ Երեւանում նման վիճակ շատ տեղերում կա։ Մաքուր քաղաք ունենալու համար առաջին հերթին մաքրությանը խիստ հետեւող քաղաքային իշխանություններ են պետք։ Քաղաքացին քաղաքապետարանին է ճանաչում, իսկ թե քաղաքապետարանը ո՛ր կառույցին կպարտադրի, որ գան ու մաքրեն՝ քաղաքացու գործը չէ»։