Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթ, որը խոսում է երեխաներին հասկանալի լեզվով

Հունվար 05,2023 18:38

Պատասխանատվություն, հոգատարություն, ինքնախնամք, առողջ լինելու գիտակցում, ընկերասիրություն․ սրանք անձի և պատասխանատու քաղաքացու ձևավորման համար առանցքային հատկություններից են, որոնց կարևորության մասին այնքան գեղեցիկ ու նրբանկատորեն է ներկայացված Նունե Սարգսյանի հեղինակած «Մրջնակերները» հեքիաթում։

Առողջ ապրելակերպի ուսուցումը, սեփական արարքների համար պատասխանատու լինելը սկսվում է ընտանիքում՝ վաղ մանկությունից։ Երեխաների և հատկապես հոգեկան առողջության, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում այս հատկությունների ձևավորման գործընթացը պետք է կազմակերպված լինի պարզ, հետաքրքիր, տեսանելի, գունեղ ու ուսուցողական․ այնպես, ինչպես դա արված է այս բարի հեքիաթում։

Հեքիաթը երեխաների հետ խոսում է պարզ, հասկանալի ու մեղմ լեզվով, գեղեցիկ և ակնահաճո նկարազարդումը գրավում է երեխաներին։ Գրքի, երեխայի և ծնողի միջև ստեղծվում է յուրահատուկ ու շատ շիտակ կապ։ Այն երբեք անավարտ չի մնում․ հետաքրքիր է՝ կարդում ենք մինչև վերջ, համեմատում հեքիաթի հերոսներին մեզ հետ, գտնում բազմաթիվ նմանություններ ու տարբերություններ, սովորում հետևել ճիշտ կանոններին։

Հեքիաթում ամեն ինչ պարզ է ու շիտակ, հասկանալի ու ըմբռնելի հաշմանդամություն ունեցող մեր բոլոր երեխաների համար․ Բոք-Բոքների ընտանիքն իր ամենօրյա խնդիրներով ու զբաղվածությամբ, ճիշտ այնպես, ինչպես իրենց ընտանիքները։ Եվ ինչպես շատ ընտանիքներում, մրջնակերների ընտանիքում ևս ուշադրություն չեն դարձնում իրենց ատամների խնամքին․ դրա համար նրանք միշտ ունեն պատճառաբանություն կամ արդարացում։ Բայց, ինչպես և սպասվում էր, նրանք պատասխան են տալիս իրենց ծուլության ու արդարացումներ փնտրելու համար՝ հենց ընթերցողի առաջ։

Թե՛ իրական կյանքում, թե՛ հեքիաթում մենք ընդունում ենք որոշումներ, ընտրում ենք հեշտ լուծումներ, գտնում բազում պատճառներ ու արդարացումներ և ի վերջո կանգնում բարդությունների առաջ։ Սեփական արարքների համար պատասխանատվության լրջության մասին հաշմանդամություն ունեցող երեխաներին մենք փորձում ենք սովորեցնել վաղ տարիքից, և հենց այստեղ է մեզ օգնության եկել մեզ համար սիրելի այս հեքիաթը։ «Լուսէ» կենտրոն հաճախող նույնիսկ ամենափոքրիկ երեխաներին հեքիաթի օգնությամբ ենք սովորեցնում լինել պատասխանատու, հետևել բժիշկ Փորսուղի խորհուրդներին և խնամքով լվանալ ատամները։

Հեքիաթն այնքան է սիրվել երեխաների կողմից, որ նրա պատմության հիման վրա ստեղծվել են ատամները ճիշտ լվանալու գունեղ պաստառներ, որոնք ամրապնդում են հեքիաթի թեման և օգնում ձևավորել հմտությունը։

Մեր փոքրիկները գտել են իրենց հեքիաթը, և նրանց ատամները միշտ մաքուր են․․․

 

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

«Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031