Լրահոս
Օրվա լրահոսը

Գազասպառ­ման համակարգի խախտումների արդյունքում կյանքից զրկվել է 21-ամյա աղջիկ․ Քննչական կոմիտեն զգուշացնում է

Հունվար 05,2023 17:42

Ավարտվել է անվտանգության պահանջների խախտմամբ բնակարանում գազի ջրատաքացուցիչ տեղադրելու, այդ խախտումը սահմանված կարգով չարձանագրելու և չվերացնելու հետևանքով Վանաձոր քաղաքի 21-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողը, ով Վանաձոր քա­ղա­քի Զորյան փողոցի բնակարաններից մեկում բնակվել է վարձակալական հիմունքներով, մահացել է 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում:

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել արյունը ախտահարող թույնով՝ կարբօքսի-հեմոգլոբինով օրգանիզմի էկզոգեն սուր ընդհանուր թունա­վո­րումը։

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված բնակարանի համասեփականատերը 2020թ. ինքնագլուխ կերպով բնակարանի խոհանոցում տեղադրել է գազամատակարարման նախագծով չնախատեսված «URAN» մոդելի 12լ տարողությամբ գազի ջրատաքացուցիչ սարք՝ չնախատեսելով իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը։ Այդ կերպ նա խախտել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի «Ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման», ինչպես նաև` «Բնա­կան գազի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի պահանջները։ Դրանցով սահմանվում է, որ գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար բաժանորդը պարտավոր է գրավոր դիմել մատակարարին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին և ինքնակամ միացումներ չկատարել։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ Լոռու ԳՀՏՍԾ Վանաձորի տեղամասի աշխատակիցը, սպասարկելով նաև վերոհիշյալ հասցեի բնակա­րանը, վերջին անգամ 2021թ. օգոստոսին հիշյալ հասցեի ներտնային գազասպառ­ման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամա­նակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից նշված ջրատաքացուցիչը նախագծային խախտ­­մամբ տեղադրելու փաստը, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա շահագործման անհամապատաս­խա­նութ­յունը: Նա նաև միջոցներ չի ձեռնարկել սարքի գազամատակարարումը դա­դա­րեցնելու, գազասպառման համակարգը նախագծային տեսքի բերելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքե­լու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս ևս խախտել է նշված պայմանագրով սահմանված պահանջները։

Վերոնշյալ խախտումների արդյունքում ջրատաքա­ցուցիչի շահագործումից արտանետված՝ արյունը ախտահարող կարբօքսի-հեմոգլո­բին թույնից օրգանիզմի ընդհանուր էկզոգեն սուր թունավորումից կյանքից զրկվել է հիշյալ բնա­­կա­րա­նում ժամանակավորապես բնակվող 21-ամյա աղջիկը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել նախկին ՀՀ քրեա­­կան օրենսգրքի 279-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենս­գրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին), իսկ  բնակարանի համասեփականատիրոջը՝ 165-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել  է բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է գազասպառող ազգաբնակչությանը՝ զերծ մնալ ինքնագլուխ կերպով, առանց համապատասխան կանոններով և պայմանագրային պահանջներով սահմանված ընթացակարգերը պահպանելու, բնակարաններում, առանձնատներում և այլ փակ օբյեկտներում գազամատակարարման նախագծով չնախատեսված սարքեր տեղադրելու, այդպիսիք փոխարինելու, գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու փորձերից։ Դրանք կարող են բերել ողբերգական հետևանքների, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031