Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարների մասին, քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին․ «Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,-նշել է նախարարը։
Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները։
Կարդացեք նաև
Այս պահին ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:
2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։
Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։
Շրջակա միջավայրի նախարարություն