Նախապես ներողություն եմ խնդրում կրկին բոլորիդ ուշադրությունը Հայաստանի ու Արցախի խնդիրներից մի փոքր շեղելու համար։
Իմ նկատմամբ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունների կողմից ճնշումները շարունակվում են։ ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատական հայց է ներկայացրել Երևանի առաջին ատյանի դատարան և պահանջում է հերքում և վնասի փոխհատուցում 6 մլն դրամի չափով։
1․12․2022 թ․-ին իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի կատարել․ «Երեկ կրկին վթարվել է ԶՄՊԿ ի պոչամբար գնացող խողովակաշարը, կրկին աղտոտվել է Ողջի գետը, կրկին քրեական գործ է հարուցվել ու կրկին կմոռացվի, ծածկադմփոց կարվի, կանցնեն առաջ»։ Այս նախադասությունը հիմնված է եղել «Իրավատեր Կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ի կողմից նոյեմբերի 30-ին հրապարակված տեսանյութերի ու տեսանյութերի բովանդակության նկարագրական տեքստերի վրա։
1․ https://www.facebook.com/watch/?v=803657140734322
Կարդացեք նաև
2․ https://www.facebook.com/watch/?v=881185249702016
3․ https://www.facebook.com/watch/?v=881185249702016
4․ https://www.facebook.com/watch/?v=454743950120721
Նոյեմբերի 30-ի դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի հատկանիշներով (շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութը կամ թափոնը, կենսաբանական ազդանյութը, ազդակը կամ թունավոր նյութն օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց հետ վարվելու անվտանգության այլ կանոնն իրավասու անձի կողմից խախտելն, եթե դրա հետևանքով առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք)։
ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դեկտեմբերի 21-ին նամակ է ուղարկել ինձ՝ պահանջելով հերքել «պոչամբարի վթար ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել», մինչդեռ ես ոչինչ չեմ գրել ԶՊՄԿ-ում պոչամբարի վթարի մասին, այլ գրառում եմ արել «վթարվել է ԶՄՊԿ-ի պոչամբար գնացող խողովակաշարը» ձևակերպմամբ։ Սակայն, ԶՊՄԿ ներկայացուցիչ փաստաբան Անի Ալավերդյանը նշել է, որ «պոչամբարի վթար» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել» և այդ հիմքով պահանջում է հերքում։
Ես չեմ հանդիսանում սկզբնաղբյուր տվյալ տեսանյութի և բնութագրման, և օգտվել եմ դեռևս նոյեմբերի 30-ից հրապարակված ազատ աղբյուրներից, ինչի վերաբերյալ ոչ ԶՊՄԿ-ի, ոչ էլ սկզբնաղբյուրների կողմից հերքում չի հրապարակվել։
2023 թվականի հունվարի 4-ին ստացել եմ նամակ նշված անձից, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել իմ դեմ, որտեղ պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, և որպես վնասի փոխհատուցում՝ պահանջում է նաև 6 մլն դրամ։
Սա անուղղակի հետապնդում է ազատ խոսքի նկատմամբ։ Այս ամենը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու Օրհուսի կոնվենցիայի բացարձակ խախտում է։
Ի հավելումն, նշեմ, որ ես՝ հիմա, Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի հայցերի արդյունքում (1 224 000 ՀՀ Դրամ) կայացված անարդար դատական ակտերով`վերականգնելու եմ իմ խախտված հիմնարար սահմանադրական իրավունքները Հայաստանյան և Միջազգային ատյաններում։
Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ նախագահ