Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

20-40 հազար աշխատատե՞ղ՝ «չոր նավահանգիստ» հռչակվող Գյումրիում․ ի՞նչ է պատմում քաղաքապետը էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից

Հունվար 05,2023 15:47

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այն կարծիքին է, որ քաղաքամայր Երևանում այլևս տեղաշարժվել չի լինում, հետևաբար և պիտի աշխուժացնել Գյումրին, ներդրումները տեղափոխել հանրապետության երկրորդ քաղաք, որտեղ պատրաստ են նպաստավոր պայմաններ ստեղծել աշխատատեղեր առաջարկողների համար։

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ իր այս կարծիքը փոխանցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Նա հանդիպել է նաև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ քննարկելով մանրամասներ Գյումրին չոր նավահանգիստ դարձնելու ծրագրից։

Քաղաքապետը քաջատեղյակ է, որ Գյումրիում սկսել են հումորներ անել այս ծրագրի շուրջ, այդուհանդերձ նշում է, որ այն իր կարծիքով՝ իրատեսական է, ոչ ռոմանտիկ։

«Չոր նավահանգիստը օդանավակայանի հարևանությամբ ենք նախատեսում ստեղծել։ Մոտ 20 օր առաջ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպել ենք այս ծրագրի շրջանակում։ Լավ ծրագիր է, 20-40 հազար աշխատատեղ կստեղծվի, եթե խոչընդոտներ չլինեն, կիրագործվի։

Ճիշտ եք ասում, որ գյումրեցիներն արդեն անեկդոտներ են սկսել տարածել, մի անգամ հարցրեցին՝ ծովն ո՞ւր է, որ նավահանգիստ եք փռում։ Ասում ենք՝ մի քիչ համբերեք, կլինի։

Ես այն կարծիքին եմ, որ իրատեսական ծրագիր է, շատ էնտուզիազմով էր քննարկվում, մեր հայրենակիցը, որը երկար ժամանակ դրսում էր ապրել, եկել էր, ներկայացրեց՝ ինչ պիտի անել։ Հավատ ներշնչող է, հույսով պիտի լցվենք, որ իրականացվի, այնպես չէ, որ անիրատեսական է։

Գյումրին չոր նավահանգիստի համար ընտրելիս՝ բնականաբար հաշվի են առել աշխարհագրական դիրքը, օդանավակայան, երկաթուղային կայան ունենալը։

Եթե 20-40 հազար աշխատատեղ ստեղծվի, Շիրակի մարզում գործազուրկներ չեն լինի։ Եթե համարենք, որ ունենք մոտ 200 հազար բնակչություն, 20 հազարի դեպքում մարզի 10 տոկոսի աշխատատեղի խնդիրը կլուծվի, իսկ 40 հազարի դեպքում՝ 20 տոկոսի։ Գուցե այդ դեպքում կողքի մարզերից էլ գան մեզ մոտ աշխատելու։

Վերջերս նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ ասել եմ, եթե կստացվի, աշխատատեղերն ամբողջությամբ Երևանում չկենտրոնացնեն, դժվարություններ են առաջանում, հնարավոր չէ շարժվել, ներդրումներն իրականացնեն Գյումրիում, աշխատատեղեր ստեղծենք՝ գործարաններ, արտադրություններ։ Նախագահն ասաց՝ Գյումրին մեր ուշադրության կենտրոնում է, մենք հետևողական ենք», – փոխանցեց Գյումրու քաղաքապետը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջում դեկտեմբերի 12-ին մեկ անգամ ևս տեղադրվել է տեղեկատվություն չոր նավահանգիստի մասին։ Սկսում են հանրային քննարկում՝ ակնկալելով բնակիչների մասնակցությունը։

«Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, նախատեսվում է «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցել, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա է գտնվում։

«Չոր նավահանգիստը» կարելի է համարել ներքին առևտրի բաշխման համակարգի էական մաս: Ներքին առևտրի բաշխման համակարգերը կարող են մշակվել և մշակվում են բոլոր տեսակի բեռների, այսինքն՝ բեռնարկղային, ոչ բեռնարկղային, առանց փաթեթավորման և մեծաքանակ բեռնափոխադրումների համար։

Երկարաժամկետ հեռանկարում «Չոր նավահանգիստները» կապահովեն այն առավելությունները, որ առևտրային բեռներն ուղղակիորեն կտեղափոխվեն և կմաքսազերծվեն մի երկրի ներքին նավահանգստի և մեկ այլ երկրի ներքին նավահանգստի միջև:

«Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը:

«Չոր նավահանգիստի» վերաբերյալ նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով։

Խնդրում ենք ակտիվ մասնակցել հանրային քննարկմանը, ներկայացնելով ձեր առաջարկները e-draft համակարգում, իսկ հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին», – գրված է նախարարության էջում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031