Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի որդին պնդում է՝ առնչություն չունի Շիրակի նախկին ոստիկանապետի որդու դանակահարության հետ

Հունվար 05,2023 15:38

Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ձերբակալված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի (լուսանկարում) որդին ազատ է արձակվել: Դատարանը մերժել է կալանքի վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:

Դատավորի որդուն՝ Արեգ Վաղարշյանին, մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար:

Հովիկ Սուքիասյան

«Սա միջին ծանրության հանցանք է ու կապ չունի դանակահարության հետ, ձերբակալված է եղել, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը»,- Aravot.am-ին ասաց Վաղարշյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

Ըստ փաստաբանի՝ Արեգ Վաղարշյանը կապ չունի տեղի ունեցածի հետ, Նադարյանին էլ ընդհանրապես չի ճանաչում:

«Ինքը Նադարյանին չի ճանաչել, ընդամենը իր մասնակցությունը սահմանափակվել է դեպքի վայրում ներկա գտնվելով, այլ գործողություն Արեգը չի կատարել: Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է: Արեգը մոտակա բակերից է, դեպքը որտեղ տեղի է ունեցել, այդ բակից չէ: Մեղադրյալներից մեկին է ծանոթ, ընկերներ են »,- ասաց Հովիկ Սուքիասյանը:

Փաստաբանի խոսքով, դեպքի հանգամանքներն այս պահին նույնիսկ նախաքննության մարմնին հայտնի չեն, ինչպես նաեւ միջադեպի պատճառը: Ըստ որոշ տեղեկությունների, Նադարյանի հետ տեղի ունեցած միջադեպը պարտքուպահանջի համար է եղել: Կան տեղեկություններ նաեւ, որ միջադեպը կեսգիշերին բակում աղմուկ հանելու պատճառով է:

Ինչ է այս առնչությամբ իր պաշտպանին պատմել Արեգ Վաղարշյանը. փաստաբանը պատմեց հետեւյալը.

«Իմ պաշտպանյալը ո՛չ պատճառը գիտի դրա, ո՛չ որեւէ մեկի հետ խնդիր է ունեցել, ո՛չ էլ որեւէ մեկի հետ միջադեպի մեջ է մտել: Այս գործի նախաքննությունը, ինձ թվում է, երկար կտեւի, որովհետեւ քննության առումով լիքը բան ունեն անելու, բաց համոզված եմ, որ վերջում կհաստատվի, որ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն չի ունեցել»:

Ինչու էր դեպքի օրը Արեգ Վաղարշյանը կեսգիշերին բակում, փաստաբանն ասաց՝ իրեն հայտնի է, բայց հրապարակման ենթակա չէ․ «Որեւէ արատավոր բան չկա այդտեղ»:

Սասուն Ռաֆայելյան

Խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանք է առաջադրված նաեւ երկրորդ մեղադրյալին՝ Տիգրան Վ.-ին, վերջինիս պաշտպան Սասուն Ռաֆայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը տեղի ունեցած միջադեպի ժամանակ դեպքի վայրում չի եղել, պարզապես բնակվում է դեպքի վայրի հարակից շենքերից մեկում.

«Գործով վստահորդս, որ ձերբակալվել էր, մինչեւ վերջ էլ չհասկացանք՝ ինչ կապ է ունեցել այդ դեպքի հետ, քանի որ դեպքի վայրում չի եղել առհասարակ: Ըստ երեւույթին, թյուրիմացության արդյունք է, որ իրեն ձերբակալել են, քանի որ նաեւ վարույթ իրականացնող մարմինը, բացի օպերատիվ գրությունից որեւէ այլ փաստական տվյալ չկարողացավ ներկայացնել իմ վստահորդի՝ այնտեղ լինելու մասին»:

Տուժող կողմի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, նրանք նախաձեռնված վարույթի շրջանակում չունեն ներկայացուցիչ, Վարդան Նադարյանն էլ անհասանելի էր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Ն․-ն, որի մարմնի վրա առկա է եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031