ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 2023 թվականին «Հայելի» ակումբում իր առաջին հյուրընկալությունը սկսեց Արցախի հերոս ժողովրդին բարեմաղթանքներով եւ կոչ արեց, որպեսզի բոլորս միավորվենք Արցախը եւ Հայաստանը այս մահաբեր գրկախառնություններից ազատելու համար:
Նրա խոսքով, այսօր տեղի ունեցողը անակնկալ չէր: «Պարզապես, պետք էր բացահայտել, որ այսօրվա իշխանավորները պարզապես սպասարկում, հող են նախապատրաստում եւ իրենց հանցավոր պասիվությամբ ուղղակի նպաստում են Ադրբեջանի հանցագործություններին: Փաստենք, որ, այո, Ադրբեջանն այսօր որպես գործիք Թուրքիայի ձեռքում, շարունակում եւ իրականացնում է ցեղասպանությունը հայերի հանդեպ: Օսմանյան Թուրքիան, երիտթուրքերը, որ հույս ունեին այդ գործն ավարտել ճիշտ 100 տարի առաջ, հիմա իրականացնում են այն, ինչը չեն կարողացել այն ժամանակ: Ես հստակ համոզված եմ, որ հիմա էլ չի հաջողվելու իրականացնել այդ հանցագործությունը, որը կոչվում է Մարդկության դեմ հանցագործություն՝ Ցեղասպանություն»,-ասաց նա:
Տիկին Ալավերդյանի բնութագրմամբ, այս շրջափակումով Ադրբեջանը փորձում է մահացու գրկախառնվել նախ Արցախին: «Չեմ կարող չասել. Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը իրականացնող իշխանությունների համար չկա տարբերություն. արցախահայություն է, Հայաստանի Հանրապետության հայություն, թե սփյուռքահայություն: Իրենք ամեն ինչ անում են քայլ առ քայլ եւ դրանք հայության դեմ ուղղված գործողություններ են: Եվ ովքեր դա չեն հասկացել, պետք է պարզ ասեմ. նրանք ակամա սպասարկում են Հայաստանի այսօրվա իշխանավորների այդ խմբի հանցավոր գործունեությանը: Թվացյալ անտարբերությունը անտարբերություն չէ, դա 2018 թվականին եկած իշխանախմբի ծրագրի անշեղորեն իրականացումն է:
Եվ զարմանալի չէ՞ ձեր համար, որ ՀՀ, այսպես ասած, բարձրաստիճան չինովնիկները կոչ են անում դիմել Ռուսաստանին: Ռուսաստանն, իհարկե, պարտականություն ունի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունով: Բայց կներեք. Հայաստանը պարտավորություն ունի թե սահմանադրական իմաստով, թե տարբեր որոշումների, այդ թվում՝ 1992 թվականի հուլիսի 6-ին ընդունված որոշումով, որով Հայաստանն իրավունք չունի հրաժարվելու իր պարտականություններից: Եվ այդ պարտականությունները 2020 թ. նոյեմբերի 10-ի պարտականությունները չեն: Այդ պարտավորությունները խախտվել են այս իշխանությունների կողմից՝ սկսյալ 2018 թվականի ապրիլ-մայիսից»,-ասաց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ