Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններ համարյա չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Ադրբեջանը պահանջներ է ներկայացրել, մենք պատասխանել ենք եւ հայտարարել ենք, որ պատրաստ ենք ընդունելու բնապահպանության ոլորտում համաշխարհային լավագույն փորձագետներին, դրա մեջ խնդիր չենք տեսնում, բայց արձագանք չկա: Մենք հիմա մի իրավիճակում ենք, որ բանակցություններ չեն վարվում»,-ասաց նա:
Հարցին, թե բացի հանքերում մոնիտորինգից այլ պահանջ ներկայացնո՞ւմ է Ադրբեջանը, Վարդանյանը պատասխանեց. «Իրենք ուզում են հսկել ճանապարհը, ինչը մեզ համար անընդունելի է: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում շատ պարզ գրված է, որ մենք պետք ունենանք ազատ ճանապարհ, որով կարող ենք ազատ երթեւեկել, առանց ինչ-որ մեկից իրավունք հարցնելու»:
Հարցին, թե ինչպես է գնահատում ռուս խաղաղապահների արձագանքը իրավիճակին, Արցախի պետնախարարը պատասխանեց. «Ինձ ավելի հեշտ կլիներ քննադատել եւ ռուս խաղաղապահներին, Հայաստանի կառավարությանը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կառավարություններին, ՄԱԿ-ին, բայց դրանից ի՞նչ օգուտ: Իրականությունն այն է, որ Արցախում ունենք 2 հազարից պակաս ռուս խաղաղապահներ, որոնք ունեն շատ սահմանափակված իրավունքներ: Այս իրավիճակում նրանք անում են այնքան, որքան կարողանում են: Մենք կարող է ավելին ենք սպասում, կամ մեր պահանջները ավելի շատ լինեն, եւ մենք իրավունք ունենք մեր պահանջները ներկայացնել ռուսական կողմին, բայց մյուս կողմից մենք կարող ենք հասկանալ իրականությունը: Այն մարդիկ, որոնք քննադատում են ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում, չեն հասկանում, որ դրանով գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար օգնում են Ադրբեջանին, որովհետեւ նրանք նույն բանն են ասում, որ ռուս խաղաղապահները պետք է դուրս գան այստեղից: Իրենք ոչ մի լուծում չառաջարկելով՝ ուղղակի օգնում են ներսում քանդել շատ կարեւոր միասնությունը, որը կա Արցախում»:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում