Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ մարդիկ կարող են էլեկտրաէներգիա գնել ցանկացած արտադրողից՝ առանց ՀԷՑ-ի. կառավարության նոր որոշումը

Հունվար 05,2023 13:44

Այսօր կառավարության նիստում քննարկվեց էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հարցը: Մինչ այդ սպառողները հնարավորություն ունեին էլեկտրաէներգիա գնել միայն ՀԷՑ-ից: Հիմա ցանկացած սպառող կարող է պայմանավորվել ցանկացած արտադրողի հետ եւ գնել: ՀԷՑ-ի դեպքում սակագինը որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց. «Օրինակ, մեկը գործարան ունի, կարող է գնալ ու պայմանավորվել արտադրողի հետ, այդտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որեւէ դերակատարում չունի: Իսկ թե ո՞նց է հասնելու դա սպառողին, մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ գնված էլեկտրաէներգիան որոշակի սակագներով կտեղափոխի ու կհասցնի սպառողին, խոչընդոտելու իրավունք չունի»:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի բաշխումը, փոխադրումն իրականացնում է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը, որը բացառիկ բնական մենաշնորհ է: Երկրորդ բաշխման ցանց կառուցելը անտրամաբանական է եւ հնարավոր չէր: Քանի որ բաշխումը մենաշնորհ է, տեղափոխման սակագինը որոշում է հանձնաժողովը, որ մրցակցային խնդիրներ չառաջանան ու հավասար պայմաններ լինեն: Բաղրամյանը տեղեկացրեց, որ արդեն 12 մատակարարման լիցենզիա ստացող կա, պայմանագրային գներով սպառողներին էլեկտրաէներգիա են մատուցում: Մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող էլ կա, որի միջոցով արտահանում է իրականացվում էլեկտրաէներգիայի: 2023-ի փետրվարի 1-ից ազատ շուկայում արդեն կլինի մեր ընդհանուր սպառման շուրջ 20%-ը՝ 1.2 մլրդ կվտ/ժ:

Փաշինյանի խոսքով՝ նախկինում արտադրված էլեկտրաէներգիան պետությունը պետք է անպայման գներ, շատ դեպքերում էլեկտրաէներգիայի արտադրության համար, այդ թվում՝ արեւային վահանակների համար տրվում էին լիցենզիաներ, այդտեղ առաջանում էին խոչընդոտներ, մեկը կարող էր լիցենզիա ստանար, մյուսը չէր կարող: Հիմա, նրա խոսքով, շուկան ազատ է, ով ուզում է, կարող է էլեկտրաէներգիա արտադրի: Բաղրամյանը ուղղեց Փաշինյանին, որ լիցենզիան ամեն դեպքում մնում է ու ոչ թե ով ուզի, կարող է, այլ՝ ով ունի լիցենզիա, կարող է արտադրել ու վաճառել:

Փաշինյանը ճշտումներ արեց՝ ենթադրենք, մեկը Արագածոտնի մարզի իր ամառանոցում էլեկտրաէներգիա է արտադրում, կարող է դա մատակարարել Նոր Նորքում իր բնակարա՞ն: Բաղրամյանը պատասխանեց, որ կարող են, օրինակ, 10 հարեւաններով խումբ ստեղծել, խմբի ղեկավար ընտրել, նա դիմում պետք է գրի հանձնաժողովին ու բնակարանների հաշվիչները ներառվի նոր պայմանագրի մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031