ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ազատվում է այդ պաշտոնից:
«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ հունվարի 5-ից», -ասել է նա:
Փրայսը նշել է, որ այդ պաշտոնում Ռիքերի աշխատանքն «արագացրել է ներգրավվածությունը և օգնել կառուցել կառուցվածքային գործընթաց՝ խաղաղություն հաստատելու անհանգիստ տարածաշրջանում»:
«Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին դեսպան Ռիքերի նշանակման պահից ակնկալվում էր, որ նա այդ պաշտոնում ծառայելու է կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև տարեվերջ:
Կարդացեք նաև
Փրայսն ասել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը «ոչ մի կերպ չի խարխլում ԱՄՆ հանձնառությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան»:
«Միացյալ Նահանգները շարունակում է երկկողմանի համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»,- ասել է Փրայսը:
Նա հավելել է, որ Ռիքերի հեռանալուց հետո Հարավային Կովկասը շարունակելու է ուշադրության արժանանալ Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
«Ինչպես գիտեք, քարտուղար Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց տվեց այդ անձնական ներդրումը` համախմբելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկեր-ղեկավարներին` պարբերաբար զրուցելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա վերստին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Քարեն Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում այս ջանքերում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ