Այսօր կառավարության այս տարվա առաջին նիստն էր եւ նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շրջափակմանը. «Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի, միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում՝ հարցը կարգավորելու ուղղությամբ»: Փաշինյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու կասկածի տակ դրեց պաշտոնական Բաքվի պայմանագրերին հավատարիմ մնալու ունակությունը:
Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը միեւնույն ժամանակ Հայաստանին է վերագրում սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ. «Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ, ամենախորը եւ իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում եւ միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ-ից, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:
Փաշինյանը տեղեկացրեց, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Խումբը արդեն մի քանի նիստ է արել ու կայացնում է իրավիճակից բխող որոշումներ եւ գործունեությունը կշարունակի՝ որքան անհրաժեշտ է»:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է ինչպես նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, Սոչիի, այնպես էլ 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայում քառակողմ պայմանավորվածություններին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ