Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։
Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ»
Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ Պետք է կազմակերպել աղմուկ հանող բոլոր տեսակի միջոցառումները՝ աշխարհով մեկ, պետք է մտնել միջազգային մեդիա, պետք է կոնսոլիդացնել տարբեր ազգերի և կրոնների առաջադեմ մարդկանց ։
Աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում, լսարաններում և միջավայրերում պետք է աղմուկ բարձրացվի։ Միջազգային ցանցային արշավ։ Ինչ հնարավոր է՝ պետք է անել, ով ինչ կարող է՝ պետք է անի։
Կարդացեք նաև
Ո՞վ կարող է սկսել «Ղարաբաղի ընկերներ» միջազգային նոր բազմազգ շարժումը.
- ՀՀ իշխանությունները. չեն արել, չեն անելու
- Արցախի ներկա և նախկին նախագահների ձևաչափը. չեն արել, չեն անելու
- Վեհափառը, եկեղեցին. միանգամայն հնարավոր է, բայց բավարար չէ։
- Միջազգային ճանաչում ունեցող հայ արտիստները, մարզիկները և այլն. միանգամայն հնարավոր է, բայց կազմակերպող է պետք, առանց դրա չի ստացվի։ Ոմանք առանձին «կրակոցներ» անում են, բայց հատուկենտ գրվածքները կորում են օրվա հոսքի մեջ. միասնական, մտածված, հետևողական ծրագիր է պետք։ Կազմակերպել է պետք։
- Ռուբեն Վարդանյան. միանգամայն հնարավոր է, ամենահավանական աշխատող տարբերակներից է, պետք է ինտենսիվ, թիրախային աշխատել։ Օրինակ՝ Ավրորայի մրցանակակիրների միջոցով։ Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդների կոչը՝ Ավրորա նախաձեռնության անդամների և համաշխարհային մարդասիրական առաջնորդների ստորագրությամբ։ Շատ լավ ակցիա էր, բայց պետք է հետևողական շարունակել։ Գուցե հենց նրանք կարող են սկսել «Ղարաբաղի ընկերներ» համաշխարհային շարժումը։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը պիտի անուն առ անուն կապվի աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ բացատրելով այս պահին գործելու, քայլ անելու կարևորությունը, պիտի հրապարակայնորեն ֆիքսի, թե ով ինչ կարևոր քայլ է արել (կամ հրաժարվել է). ամեն օր մենք պիտի լսենք կարևոր արձագանքներ։
- Կոտրել տեղեկատվական շրջափակումը. ստեղծել պայմանական «SOS Ղարաբաղ» անունով տեղեկատվական հարթակ, որը կդառնա հիմնական աղբյուր միջազգային հանրության համար։ Մշտական կոնտակտի մեջ կլինի բոլոր հասանելի լրատվական ռեսուրսների հետ, կդառնա կապող օղակ՝ օգնել ցանկացող կազմակերպությունների/անհատների միջև։ 24-ժամյա ռեժիմով կներկայացնի շրջափակված Արցախի վիճակը, կդառնա «Ղարաբաղի ընկերներ» շարժման հիմնական տեղեկատվական ռեսուրսը։
- Ռուսահայ էլիտա. ցավալի լռություն է։ Այսօր մենք նույնիսկ ռուսահայ էլիտային չենք կարողանում արթնացնել։ Արցախի բլոկադան ռուսական միջավայրում պետք է նույնականացվի Լենինգրադի բլոկադայի հետ՝ որպես պաշտոնական Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ցավոտ և արժեհամակարգային հարց։
- Սփյուռքում թափ առնող ակցիաները շատ գնահատելի են։ Դրանք կդառնան ազդեցիկ և արդյունք տվող, եթե ունենան միասնական բանաձևեր։ «Ղարաբաղի ընկերներ» շարժումը կարող է դառնալ այդպիսին։
- Արցախում մեծածավալ ծրագրեր իրականացնող բարեգործական, կրթական խոշոր կազմակերպությունները՝ ՀԲԸՄ, COAF, Թումո և այլք, պիտի փորձեն հնարավորինս համակարգված աշխատեն՝ չսահմանափակվելով պարզապես կոչերով, այլ՝ գործի դնելով իրենց բոլոր միջազգային կապերը, գործընկերներին, իրենց կշիռը։
- Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխումը համակարգող կոմիտեն ևս, հաշվի առնելով Արցախի հարցի այսօրվա սրությունը, կարող է սկսել քննարկել Արցախի հումանիտար խնդիրների ուղղությամբ ծրագիր իրականացնելու կարևորությունը։ Սա կարևոր ազդակ կլինի մյուս բոլոր հայ մեծահարուստների և բարեգործների համար։
- Բազմաթիվ հայազգի մասնագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր աշխատում են միջազգային կառույցներում, և կարող են գործել՝ այդ կառույցներում համապատասխան տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ։
- Բուհեր և ստեղծագործական համայնքներ։ Մի´ նայեք ՔՊ-ական ռեկտորներին և կառավարությունից թույլտվություններին։ Աշխատեք արտերկրի ձեր կոլեգաների հետ։ Վաղը ուշ է լինելու։ Մի´ աշխատեք ձևական, աշխատեք համառ ու արդյունքներ գրանցեք։ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններն աշխարհում ունեն իրենց գործընկերային ցանցը, պարտավոր են ներկայացնել իրավիճակն ու կոչ անել՝ միանալ հումանիտար արշավին։ Բուհերի թե´ ուսանողները, թե´ դասախոսները կարող են բանակցել ադմինիստրացիայի հետ՝ սկսելու համար այդ պրոցեսը։ Նամակներ գրեք, միասնական ակցիաներ կազմակերպեք։
Կյանքում լինում են պահեր, երբ պետք է անես քայլը՝ առանց հաջորդները լավ պատկերացնելու։ Ժամանակը քիչ է, պետք է սկսել աշխատել։ Մարդիկ, ովքեր Արցախի անունով են կայացել ու հիմա քաշվել են մի կողմ՝ ասես այս ամենն իրենց չի վերաբերում. նրանց հետո կանդրադառնանք։ Հիմա պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու։ Սա լինելու է «Կորմաստան»՝ պատվազուրկ, աննպատակ, նյութապաշտ մի միջավայր։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ