Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հիմնական խնդիրը ներքին է

Հունվար 05,2023 10:00

Իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասում է, որ Հայաստանի ժողովուրդը 90-ականների առաջին կեսին ճիշտ նույն վիճակում էր 3 տարի, ինչ արցախցիներն այս 25 օրերի ընթացքում: Դա ճիշտ է միայն մասամբ. սննդի, լույսի, ջերմության տեսանկյունից իրավիճակը թերեւս նման է: Բայց կա երկու էական տարբերություն.

1/ 1992-94 թվականներին մարդիկ անարգել կարող էին հատել Հայաստանի սահմանը երկու ուղղություններով: Դա վերաբերում էր նաեւ բեռներին, այդ թվում` սննդամթերքին, սարքավորումներին, զենքին:

2/ Այդ տարիներին հայկական բանակը կռվում էր Արցախում, եւ բոլորս հույս ունեինք, որ այդ պատերազմի արդյունքում մեր հայրենիքի մի մասը կազատագրվի: Հիմա արցախցիների վիճակը թե՛ հոգեբանական առումով, թե՛ ֆիզիկապես ավելի ծանր է, եւ ասել՝ «ի՞նչ է եղել որ՝ դիմացեք», գուցե Հայաստանի շարքային քաղաքացու համար նորմալ է, բայց երբ ՔՊ-ական պատգամավորն է նման բան ասում, դա վկայում է իշխանության վերաբերմունքի մասին:

Սակայն՝ ոչ միայն իշխանության: Եթե մեր քաղաքացիների մեծ մասը համաձայն չլիներ իշխանության այս մոտեցման հետ, հիմա հազարավոր մարդիկ դուրս կգային փողոց եւ իշխանություններից պահանջեին պետական եւ, ինչու չէ, մարդկային այլ վերաբերմունք ցուցաբերել մեր 120 հազար հայրենակիցների նկատմամբ: Բայց քանի որ հասարակության մեծամասնության մեջ ոչ մի տագնապ, ոչ մի ցասում, ոչ էլ նույնիսկ կարեկցանք առանձնապես չի զգացվում (միայն ֆեյսբուքյան հատուկենտ գրառումներ), հակված եմ ենթադրելու, որ մեր քաղաքացիների մեծ մասին թվում է, որ ամեն ինչ OK է:

Իսկ խորքում հետեւյալ խնդիրն է. այսօր աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, որոնց չի հետաքրքրում իրենց ազգությունը, որոնց համար կարեւոր չէ, թե ով որտեղ է ապրում, որ տարածքն ում է պատկանում, ով որ երկրի քաղաքացի է: Այդ միլիոնների մեջ կան հազարավոր հայեր՝ Հայաստանում եւ մեր պետությունից դուրս: Այսպիսի մոտեցման պարագայում իսկապես կարելի է ուշադրություն չդարձնել հայրենի հողում ապրելու խնդրի վրա: Լավ մարդն Ավստրալիայում էլ է լավը:

Չեմ կարծում, որ մենք՝ հայերս, վերջնականապես վարակվել ենք այդ, թույլ տվեք ասել, իմաստազուրկ «գաղափարներով»: Ինձ թվում է, դա ուղեղի ժամանակավոր մթագնում է: Բայց որ մեր խնդիրը նախեւառաջ ներքին է՝ դրանում կասկած չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Իրականում այսօրվա իշխանավորներ տարիներ ի վեր քարոզել են ,,հետամնաց հայրենասեր,, գաղափարախոսությունը։ Արդեն կարևոր չի գրանտ ուտելու համար, թե համքզմունքով։ Հիմա իրականացվում է արդեն պետական մակարդակով։
    Ցավոք, եթե արագ չազատագրենք Հայաստանն այս ատահակներից , հետագայում ,,մթագնումը,, հավերժ է դառնալու

    • Blog_H says:

      այսօրվա իշխանավորները չեն, որ սկզբնապէս քարոզել են հակաազգային գաղափարաբանութիւնը. իրենք այդ քարոզչութեան արդիւնքն են, արտադրանքն են. բնական յանգումը.

      «այսօրվա իշխանավորներ»ը երբեք չէին կրնար դառնալ իշխանաւոր, իշխանութեան շուքը իսկ չէին տեսներ, եթէ քսան տարիներ շարունակ, ոչ-իշխանաւորների հսկայական մեծամասնութիւնը (քաղաքականութեան ոլորտէն դուրս, գրեթէ բոլոր opinion leader ըսուածները), Հայաստանում – ե՛ւ նաեւ Արցախում – չկազմէին եւ տեւաբար չսնանէին ապազգային/հակաազգային ջրվիժային հոսանք մը. դէպի՝ Անդունդ. իսկ նախկին իշխանաւորները – որոնք եթէ խորքին մէջ մասնաւորապէս ազգայնական չէին, գոնէ հակաազգային չէին -, չհասկացան այդ վտանգին լրջութիւնն ու տարողութիւնը.
       
      հիմա սակայն, բոլորը այդ կարծեցեալ ultra-«ազատականները» (որոնք երբեք իրենց կարծացին չափ արդիական չէին, պարզապէս բարդոյթներ ունէին) յանկարծ զարթնել են, վերամիացել են իրենց ազգային տարրական ինքնութեան հետ. գտեր են իրենց ազգային ջիղը. երբ որ արդէն՝ շա՜տ ուշ է.

  2. Այո, խնդիրը ներքին է: Եվ Հայաստանի ներսում կա ահռելի ուժ, որը չի կազմակերպված: Բայց օգնությունը գալու է դրսի հայերից` եզրակացություն ընդդիմությունան անարդյունավետ ջանքերից: Ահա մի առաջնորդ` Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի հայ գիտաշխատող Մարինե Մելիքսեթյան, որը կարծում եմ, կկարողանա բուժել վերքերը Հայաստանի: Չգիտեմ, թե նա ինչ է մտածում ՀՀ վարչապետ դառնալու գաղափարի չուրջ: Ահա հղում` https://168.am/2023/01/05/1816457.html: Մեզ բոլորիս միքիչ հաջողություն: Խնդրում եմ մտածեք սրա մասին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031