Լրահոս
Օրվա լրահոսը

H1N1 կամ «խոզի գրիպ»․ երբ է պետք դիմել անհապաղ բժշկական օգնության

Հունվար 05,2023 09:30

Ըստ տեղեկությունների՝ այս օրերին Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»), անգամ արդեն մահվան 2 դեպք է գրանցվել՝ այս վիրուսով պայմանավորված։

H1N1 գրիպի ենթատեսակի հարուցիչը H1N1 վիրուսն է, որը 2009 թ․-ի գարնանը «խոզի գրիպի» համաճարակի բռնկման պատճառ դարձավ։ 2010 թ․-ին ԱՀԿ-ն հայտնեց համաճարակի ավարտի մասին, իսկ H1N1-ը վերածվեց սեզոնային գրիպ հարուցող շտամներից մեկի։ Ստեղծվեց պատվաստանյութ H1N1-ի դեմ, որը ներառված է սեզոնային գրիպի դեմ իրականացվող պատվաստումների կազմում։

«Խոզի գրիպի» ախտանշանները նման են գրիպի այլ տեսակների դրսևորումներին, սակայն, ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, այն առավել շատ խոցում է երեխաներին։

H1N1-ի բնորոշ ախտանշաններն են՝

  • Ջերմություն, բայց ոչ բոլոր դեպքերում,
  • դող,
  • հազ,
  • կոկորդի ցավ,
  • հարբուխ, քթի փակվածություն,
  • արցունքոտվող, կարմրած աչքեր,
  • մարմնի ցավ,
  • գլխացավ,
  • հոգնածություն,
  • փորլուծություն,
  • սրտխառնոց և փսխում։

Գրիպի ախտանշանները դրսևորվում են վիրուսի հետ շփումից հետո մոտավորապես 1-3 օրվա ընթացքում։

Երբ դիմել բժշկին

Եթե մարդն ընդհանուր առմամբ առողջ է, բայց վարակվել է գրիպի այդ վիրուսով, որն արտահայտվում է որոշակի ախտանշաններով, ինչպիսիք են ջերմությունը, հազը կամ մարմնի ցավերը, ապա բավարար կարող է լինել սիմպտոմատիկ բուժումը։

H1N1-ով հիվանդանալու դեպքում պետք է դիմել բժշկին, եթե կա հղիություն կամ առկա են խրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, դիաբետ և այլն, եթե պացիենտը 65-ից բարձր տարիք ունի, քանի որ այդ դեպքերում գրիպի բարդացման հավանականությունը մեծ է։

Մեծահասակների դեպքում անհապաղ բժշկական օգնության է պետք դիմել, եթե կան հետևյալ ախտանշանները՝

  • Դժվարաշնչություն, հևոց,
  • ցավ կրծքավանդակի շրջանում,
  • կրկնվող գլխապտույտներ,
  • ցնցումներ,
  • արտահայտված թուլություն,
  • մկանային ուժեղ ցավեր։

Երեխաների դեպքում անհետաձգելի բժշկական օգնության ցուցում են հետևյալ ախտանշանները՝

  • Դժվարաշնչություն,
  • կապտավուն շրթունքներ,
  • ցավ կրծքավանդակի շրջանում,
  • ջրազրկում,
  • մկանային ուժեղ ցավեր,
  • ցնցումներ։

H1N1-ի բարդացումները կարող են առաջացնել՝

  • Խրոնիկական հիվանդությունների սրում,
  • թոքաբորբ,
  • նյարդաբանական ախտանշաններ՝ գիտակցության խանգարումից մինչև ցնցումներ,
  • շնչառական խանգարումներ և այլն։

«Խոզի գրիպի» կանխարգելման համար խորհուրդ են տրվում՝

  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, որոնք նվազեցնում են գրիպով հիվանդանալու կամ հիվանդանալու դեպքում ծանր ընթացք ունենալու հավանականությունը։
  • Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
  • Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։
  • Դեմքին, հատկապես աչքերին, քթին ու բերանին դիպչելուց խուսափելը։
  • Պարբերաբար ախտահանելն այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
  • Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։

Բուժում

Գրիպով, ներառյալ H1N1-ով հիվանդացած մարդկանց մեծամասնությունը հիմնականում ախտանշանների թեթևացման կարիք ունի, և նրանց համար կարող է օգտակար լինել բավականաչափ հեղուկի օգտագործումն ու ըստ անհրաժեշտության ջերմիջեցնողների կամ ցավազրկողների ընդունումը։

Երբեմն ախտանշանների ի հայտ գալուց հետո առաջին երկու օրվա ընթացքում պացիենտին նշանակում են հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են թեթևացնել հիվանդության ընթացքը։

Սակայն կարևոր է հիշել, որ հակավիրուսային դեղամիջոցները պետք է ընդունել միմիայն բժշկի ցուցումով՝ վիրուսների դեղակայունության զարգացումը կանխելու համար։

Եթե մարդը գտնվում է ռիսկի խմբում, ունի շնչառական համակարգի և այլ խրոնիկ հիվանդություններ, բժիշկը կարող է լրացուցիչ դեղամիջոցներ կամ բուժում նշանակել։ Կարևոր պայման է ինքնաբուժումից խուսափելն ու ժամանակին բուժօգնության դիմելը՝ մինչ բարդացումները կդրսևորվեն կլինիկական ծանր ախտանշաններով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Հիմնական աղբյուր՝ Mayo Clinic

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031