Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա հասկանալի է, որ Արցախի ճանապարհը երկարաժամկետ են փակելու ու դրանով նաեւ հասկանալու են արցախահայերի տոկունությունը». Գառնիկ Դավթյան

Հունվար 04,2023 15:19

«Բոլորս պետք է սպասեինք, որ ինչ-որ մի օր Ադրբեջանը փակելու է Լաչինի ճանապարհը: Պաշտոնյաները պետք է գոնե ճգնաժամերը հաշվարկած լինեին: Ադրբեջանը նաեւ 90-ականներին էր փակում ճանապարհներ՝ տարբեր գյուղերից գյուղ անցնող, այդ թվում՝ Լաչինի ճանապարհը եւ դա կարող էր կրկնվել»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ խոսելով 24 օր Արցախը շրջափակված պահելու մասին:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի օկուպացիոն ռեժիմն ինքնըստինքյան հանձնում է Արցախը: Իսկ Ադրբեջանից գալիս են նոր պահանջներ, որ ուզում են անցակետ ունենալ ու վերահսկել ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախ տեղափոխվող բեռները, ուզում են Արցախում գրասենյակ ունենալ՝ ներկայացուցչություն. «Իրենք դա անվանում են որպես մոնիտորինգային խումբ, որն իբր թե Արցախում ստեղծված բնապահպանական աղետը կվերահսկի, բայց ըստ էության, դա ավելի լայն պրոցեսի սկիզբ է: Արցախի կողմից որեւէ զիջում Ադրբեջանին չպետք է լինի, Արցախի իշխանությունը պետք է ամեն բան անի, որ չտրվի Ադրբեջանի պահանջներին: Բավական է մեկ պահանջ կատարել՝ կապ չունի, թե ինչ մակարդակի է դա, կարող է խնդրանք լինի, որովհետեւ ադրբեջանցիները սիրում են գեղեցիկ խոսքերի տակ կոծկել իրենց հիմնական նպատակները, եթե կատարեցին դրանք, Արցախի Հանրապետության վերջի սկիզբը կդրվի՝ լինի դա անցակետի տեղադրում, բեռները ստուգելու թույլտվություն, թե՝ գրասենյակ բացելու: Որեւէ զիջում եղավ՝ Ադրբեջանը ոչ մի բանի առաջ չի կանգնելու»:

Ըստ Գառնիկ Դավթյանի, կա՛մ մենք պետք է դիմանանք այս ճնշումներին, կա՛մ Նիկոլ Փաշինյանին ու նրա ենթականերին «ռադ անենք իրենց աթոռներից». «Քանի մենք հանդուրժում ենք Նիկոլին ու նրա ենթականերին, այնքան մենք ունենալու ենք նման պատկերներ: Ադրբեջանի հաջորդ թիրախը լինելու է Սյունիքը, Գեղարքունիքը»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը ավելի կոշտ քայլերի չի գնում՝ ադրբեջանցի կեղծ բնապահպաններին այնտեղից դուրս հանելու համար՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Պատճառները տարբեր են, առաջինն այն է, որ ռուս խաղաղապահների լեգիտիմությունն, ըստ էության, չի վավերացվել Ադրբեջանի խորհրդարանի կողմից, ուղղակի եղել է բանավոր պայմանավորվածություն, նաեւ Հայաստանից, ստացվում է այնպես, որ ռուս խաղաղապահներն այնտեղ անօրինական են գտնվում գոնե մինչեւ 5 տարի: Երկրորդը՝ բոլոր այն պնդումները, որ ռուս խաղաղապահները միտումնավոր ոչինչ չեն անում, ոչ միայն կեղծ են, նաեւ մանիպուլացնող: Պրահայի հայտարարությունը մեզ հիմք է տալիս պնդելու, որ քանի որ Հայաստանի կողմից եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, դա ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմի մեջ, ռուսական կողմը դա որպես փաստարկ է ներկայացնում, թե Հայաստանը ճանաչել է դա, ոչ մի բան չեք կարող դուք պահանջել կամ մեզ պարտադրել»:

Փորձագետի գնահատմամբ՝ 2023-ը Արցախի համար բավականին լուրջ մարտահրավերներով տարի է լինելու՝ նաեւ պատերազմի բարձր վտանգի իմաստով ու դրա համար իրապես լինելու է լինել-չլինելու հարց: Ես չգիտեմ տարվա ընթացքում ինչ պայմանավորվածություններ կլինեն, բայց հաշվի առնելով Ադրբեջանի կողմից այսպես ասած շտապելն ու գործողությունները՝ Ադրբեջանն այս տարի ավելի ճնշող է լինելու: Իրենք փորձելու են Հայաստանից 2023-ին գոնե ստանան միջանցք, Արցախի մասով նոր զիջումներ, եթե ոչ ամբողջական Արցախ: Եթե սկզբնական շրջանում կարծիք կար, որ իրենք կարճ ժամանակով են ճանապարհը փակել, հիմա հասկանալի է, որ երկարաժամկետ են փակելու ու իրենք դրանով նաեւ հասկանալու են արցախահայերի տոկունությունը: Ուսումնասիրելով հարեւան եւ ոչ հարեւան պետությունների աշխարհաքաղաքականությունը, հասկանալի է, որ իրենք սրանով էլ են որպես փորձնական իրավիճակ ստեղծում հայերի համար՝ հասկանալու, թե որքանով այդ պետությունը, այդ ժողովուրդը պետք է ապրի կամ ունենա պետականություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031