Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առավել շատ շրջանառվում է H1N1-ը, արդեն մահվան 2 դեպք է գրանցվել

Հունվար 04,2023 15:09

Հայաստանում արդեն մահվան երկու դեպք է գրանցվել՝ պայմանավորված H1N1 վիրուսով։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։


Նրա խոսքով՝ մեր երկրում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն, եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում եւ Հայաստանում առավել շատ դիտվում է H1N1-ը, որն ընթանում է ավելի ծանր, եւ այն կարող է հանգեցնել մահվան, եթե ժամանակին բուժօգնության չդիմեն։

Աբովյանի ներկայացմամբ՝ այս վիրուսը առավել շատ խոցում է երեխաներին։ Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց, երեկվա դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու կա, որոնցից 127-ը՝ 0-18 տարեկան, հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կա 55 հիվանդ, որից 47–ը՝ 0-18 տարեկան, տարբեր հիվանդանոցների բաժանմունքներում հոսպիտալացվել են 584 հիվանդ, որից 96%-ը՝ 0-18 տարեկան։

«Սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշան ունենալու դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի, քանի որ ունենք դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով են դիմում։ Ցավոք, մահվան երկու դեպք կա H1N1-ով պայմանավորված», – ասաց Աբովյանը։

Նա նաեւ նշեց, որ բժշկական կազմակերպությունները, հատկապես մանկական, ծանրաբեռնված են աշխատում, դիմելիությունը բարձր է, շատ դեպքերում դիմում են բավականին ուշացած։ Նա հորդորեց չզբաղվել ինքնաբուժմամբ։


ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանն էլ նշեց, որ ի լրումն գրիպի վիրուսի, ակտիվացել են են նաեւ մանկական տարիքին բնորոշ այլ վիրուսները, մասնավորապես RSV վիրուսը․ հոսպիտալացումների զգալի տոկոսը հենց այս վիրուսն է, որն առաջացնում թթվածնային քաղց։

«Իմ երեսունամյա պրակտիկայի ընթացքում երբեւիցե չեմ տեսել, որ ականջաբորբի այսքան մեծ քանակ լինի։ Ամեն երկրորդը ունի ականջաբորբ, որը փոփոխում է կիլինիկական պատկերը, ավելի երկարացնում ու բարդացնում է վիճակը։ Զգալի տոկոս դեպքերում մեզ ստիպում են հակաբիոտիկ նշանակել», – ասաց բժիշկը։

Որոշ մանկական հիվանդանոցներ գերծանրաբեռնված են աշխատում, եւ ինչպես Սարգսյանն ասաց, ընդունարաններում կուտակումներ են։ Նա, դիմելով ծնողներին, հորդորեց՝ չուշացնել, առաջին ախտանշանների դեպքում դիմել առաջնային օղակին։

Գրիպը չի կարելի շփոթել հարբուխի հետ, ինչպես հաճախ մեր քաղաքացիներն են անում։ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարգսյանցը ներկայացրեց գրիպի ախտանշանները՝ գրիպը ունի շատ սուր սկիզբ, այն բնորոշվում է բարձր ջերմությամբ, մկանացավով, հոդացավով, գլխացավով, ուժեղ արտահայտված թուլությամբ, որոնք բավականին երկար են պահպանվում՝ անգամ ապաքինումից հետո մեկ-երկու շաբաթ մարմնի թուլությունը պահպանվում է։ Իսկ եթե հիվանդությունը չի բարդացել, ապա 3-րդ օրվանից ջերմությունը չպետք է բարձր լինի, օրինակ՝ 38-39 աստիճան։

Մանրամասն՝ տեսանյութում



Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031