Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախի շրջափակման հարցով։ Այս մասին Քրեքորյանը հայտնել է Twitter-ի իր էջում:
Նամակում նշվում է, որ Պուտինի գործողությունների արդյունքում այսօր Արցախի 120 հազար մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, մատնվում են մահվան՝ ցրտի, սովի ու դեղորայքի պակասի պատճառով:
Նամակի հեղինակները նշում են, որ Արցախի շրջափակումը իրականացրել են երկու բռնապետները՝ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը, որոնք փորձում են պատժել Հայաստանին ու Արցախին միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են տարածաշրջանում խթանել ժողովրդավարություն և կայունություն:
Քրեքորյանը և Բաասը կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է հստակ ցույց տա իր հանձնառությունը ժողովրդավարությանը և գլոբալ կայունությանը՝ օգնության հասնելով Արցախի ժողովրդին: Մասնավորապես, առաջարկվում է ուղիղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, այդ թվում՝ սնունդ և դեղամիջոցներ, դիվանագիտական ջանքեր գործադրել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար, շոշափելի միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ռեժիմի դեմ՝ պատասխանատվության ենթարկելով իր հանցագործությունների համար, ինչպես նաև ցույց տալ Ալիևին ու Պուտինին, որ ԱՄՆ-ը պահանջում է և կգործի՝ ապահովելու թռիչքներ Արցախի երկնքով՝ օգնություն ուղարկելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ