Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ին կայացած արտահերթ նիստում Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրությունների անցկացման օր նշանակեց 2023թ․ մարտի 26-ը։
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման փաստաթղթերը՝ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը նախատեսված է մինչեւ փետրվարի 24-ը։ Նախընտրական քարոզչությունը մարտի 1-ից մինչեւ մարտի 24-ի ժամը 24.00-ն է։
Հիշեցնենք, որ 2022թ. դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։
Ըստ հիմնավորման, 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ:
Կարդացեք նաև
Սիսիան համայնքի ավագանու 2 նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով ու համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը չի կարողացել երդմամբ ստանձնել պարտավորությունները։
Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել, բայց վարչապետի 2022թ․ դեկտեմբերի 30-ի որոշմամբ կրկին նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հակոբջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանի բարեկամն է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ