Ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած Ջերմուկ առողջարանային քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին։ Այս թեմայով զրուցել ենք Ջերմուկի զբոսաշրջային կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանի հետ։
«Ինչպես գիտեք, ադրբեջանական ագրեսիայից հետո քաղաքում զբոսաշրջային բիզնես իրականացնող ընկերությունները՝ հյուրանոցներն ու առողջարանները, գրեթե մեկ ամիս փակ լինելուց հետո՝ հոկտեմբերի 15-ից հայտարարեցին իրենց աշխատանքային բնականոն հունին անցնելու մասին»,- ասում է Նարեկ Միրզոյանը։
Համեմատելով այս և մյուս տարիներին՝ զբոսաշրջիկների այցելության ցուցանիշները, Միրզոյանն ասում է․ «Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ՝ զբոսաշրջային հոսքը դեպի Ջերմուկ նվազել է։ Սա ադրբեջանական ագրեսիայի պատճառով: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, քաղաքում զբոսաշրջային բիզնես իրականացնողները՝ հյուրանոցները, մինչև դեկտեմբերի 30-31 ամրագրումներ ունեին, սակայն ադրբեջանական ագրեսիայից հետո բոլորը չեղարկվեցին։ Բայց երբ հայտարարվեց, որ բիզնեսը վերադառնում է իր բնականոն աշխատանքին, զբոսաշրջիկների մոտ հետաքրքրվածություն առաջացավ դեպի Ջերմուկ»։
Խոսելով Ջերմուկի տեսարժան վայրերից, Միրզոյանը ոգևորությամբ հավելեց, որ ադրբեջանական ագրեսիայից տուժած ճոպանուղին, որը համարվում է քաղաքի ամենաայցելվող վայրերից մեկը, տևական դադարից հետո՝ դեկտեմբերի 25-ից վերսկսել է իր աշխատանքը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը խոսեց նաեւ զբոսաշրջային կենտրոնի կատարած աշխատանքներից․ «Երեք ամիս շարունակ տարբեր հարթակներում ՝ սոցիալական ցանցերում Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակով, #ԱրիՋերմուկ հեշթեգով ներկայացրել ենք քաղաքի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունները։ Երկու ամիս շարունակ ռուսական շուկայում մեկնարկել էինք «Открой Джермук» զբոսաշրջային տեղեկատվական արշավը, որի շրջանակներում թողարկված շուրջ 35 տարատեսակ գրառումներով ներկայացնում էինք Ջերմուկի զբոսաշրջային հնարավորություններն ու գրավչությունները։ Պատերազմից հետո նմանատիպ արշավ մեկնարկելը շատ պատասխանատու էր, բայց ինչպես ասում են, երբ գործը անում են պրոֆեսիոնալները, բոլոր դժվարությունները հաղթահարվում են»։
Այն հարցին՝ Ջերմուկում այժմ կա՞ն այցելուներ՝ Միրզոյանը դրական պատասխան տվեց. «Բացի մեր հայրենակիցներից, այցելուներ ունենք նաև Ռուսաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից։ Ամանորին Ջերմուկի հյուրանոցային համալիրներում ազատ համարներ արդեն գտնելը շատ բարդ է, քանի որ 99 տոկոսով բոլոր փաթեթները վաճառված են, սակայն հյուրանոցներում ամանորյա ծրագրեր, ուրախ միջոցառումներ, ինչպես որ ամեն տարի կազմակերպվում էր, այս տարի նախատեսված չէին ու գրեթե բոլոր հյուրանոցները աշխատելու են սովորական ռեժիմով»,- հավելեց Միրզոյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ բնակչության շրջանում վախ ու անհանգստություն չկա. «Բոլորիս մոտ բարձրացել է զգոնությունն ու մեր երկրի, քաղաքի, մեր շրջապատի նկատմամբ պատասխանատվությունը»։
Մարիամ ԶԱՔԱՐՅԱՆ