Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է․ Վահե Հովհաննիսյան

Հունվար 04,2023 11:07

Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ

 Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։

Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։

Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը և կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալումը հաճախ ուղիղ համեմատական են։

Սա ռեալ պրոբլեմ է, որովհետև երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետությունները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշվարկները, կոնկրետ քայլերի և կոնկրետ գործողությունների ունակությունը, պետությունները բախվում են աղետի։ Բացառություն կարծես թե չի եղել։

Այսպես որ գնա՝ ռացիոնալ պետականաշինության և գրագետ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երևանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծությանը) և Ներոնի անալոգիայով բանաստեղծություն գրելուն։

 

   Ռազմադաշտից՝ պետություն

 Ամենավտանգավորը, սակայն, ոչ թե գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրության բացակայությունը։ «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ» թեզին պետք է հակադրվեր գրագետ այլընտրանք՝ մոտավորապես «Ռազմադաշտից՝ պետություն» ձևակերպմամբ։ Ու այդ հակադրության բացակայությունն է հենց ընկած համատարած մոլորության, հասարակության տարբեր շերտերի կողմից իրականության աղավաղած ընկալման, և նույնիսկ՝ խեղդվող Արցախի հանդեպ անտարբերության հիմքում։

Վերջին օրերին, վերջին փուլում լիդերության բացակայությունը, այն է՝ քաղաքական մտքի, ձևակերպված խնդիրների, անձնազոհության պարտադիր փաթեթով, ավելի ակնառու է դառնում։

Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերությունը, որի առանցքում կլինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակությանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» և այլ լիրիկական զեղումները կատարված աղետի և գալիք աղետի մի կարճ, ժամանակավոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։

Մենք չենք կարողանում ձևակերպել մեր թեզը, որ ելքը մեկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դեպի պետություն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասված գաղափարը չենք կարողանում ձևակերպել ու խոսել մեր հասարակության հետ։ Նոր լիդերությունը պետք է լուծի կարևորագույն խնդիրը. ավարտել մեզ վրա դրվող էքսպերիմենտը, վերականգնել պետականությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր աղետից ու սկսել վերականգնումը։

Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրվա Հայաստանը անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղավորը չէ։

Անտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։

Վստահ եմ՝ բոլոր հանրային դեմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրույցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգությունը վերածենք քաղաքական ձևակերպումների ու դրանից հետո պարզ ասենք մեր քաղաքացիներին, թե ինչի´ դեպքում ինչ է լինելու։ Եվ նաև խոսենք, թե դժվար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպես պահեց կամ կպահի։

 

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Հովհաննիսյան, գաղափարի ձևակերպելը խնդրի լուծման մաս է: Բայց ոչ ամբողջը: Օրինակ. “ապագա կա ապագա” կարգախոսը ուներ հնարավորություն դառնալ գաղափար եթե հետևեր ապագայի հենարանները կառուցելու որակյալ աշխատանք: Իսկ ի՞նչ հետևեց: Իշխանության հղփացում 2021-ին վերարտադրվելուց հետո և հասարակության` կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների, քանակի պայթյուն: Այսինքն, նիկոլականները մեկ տարվա ընթացքում հեղինակեցին և հայ ազգի ապագա ունենալու գաղափարի հնարավորությունը և իրենց կոնկրետ գործողություններով այդ ապագայի գոլորշացումը («այսօրվա Հայաստանը  անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով»): Հայերը դարձել են ամորֆ, անտարբեր են ձևակերպումներին: Սա է կարևորագույն ձեռքբերումը մեր թշնամիների: Վերքեր կան որ բուժելի են վիրահատությամբ միայն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031