Լրահոս
Օրվա լրահոսը

5 հմտություններ, որոնց յուրացումը կարևոր է դեռահասների համար

Հունվար 04,2023 09:45

Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները ապագայում ունենան ոչ միայն լավ աշխատանք ու բարձր եկամուտ, այլև երջանիկ լինեն։ Ուստի, բնական է, նրանց հետաքրքրում է, թե ինչպես կարելի է հասնել դրան։

Հարվարդի՝ երեխաների զարգացման կենտրոնի տվյալներով՝ կարևոր են ոչ միայն գնահատականներն ու արտադպրոցական պարապմունքները, այլ տիրապետումն այն հիմնական հմտություններին, որոնք կօգնեն դեռահասին հաղթահարել կենսական անխուսափելի խնդիրները։

Որո՞նք են այդ կարևոր հմտությունները

  • Պլանավորում․ կոնկրետ նպատակներ ու պլաններ սահմանելու և իրագործելու կարողությունը։
  • Կենտրոնացում․ տվյալ պահին կարևոր բաների վրա կենտրոնանալու ունակությունը։
  • Ինքնատիրապետում․ սթրեսային և այլ իրավիճակներում զգացմունքները կառավարելու ունակությունը։
  • Իրազեկվածություն․ շրջապատի մարդկանց և իրավիճակները հասկանալու և իր դերը գիտակցելու կարողությունը։
  • Ճկունություն․ փոփոխվող իրավիճակներին հարմարվելու կարողությունը։

Թեև այդ հմտությունները մարդը յուրացնում է իր ողջ կյանքի ընթացքում, սակայն կյանքի 2 շրջան կա, երբ դրանք առավել կարևոր են՝ վաղ մանկությունը և դեռահասության շրջանը։ Այս հոդվածում մենք կանդրադառնանք հենց այդ շրջանին։

Յուրաքանչյուր հմտություն յուրացնելու լավագույն միջոցը գործնականում այն կիրառելն է։ Ահա մի քանի խորհուրդ ծնողներին, թե ինչպես կարելի է նպաստել դեռահասների կողմից այդ հմտությունների յուրացմանը։

Պլանավորում

Մանկության շրջանում, բնական է, որ երեխաների ծնողներն ու խնամակալներն են գրեթե ամեն ինչ պլանավորում նրանց փոխարեն, սակայն դեռահասության շրջանը ինքնուրույն որոշումներ կայացնելու և պլանավորման հմտություններ ձևավորելու լավագույն ժամանակահատվածն է։

Խուսափեք դեռահասների կյանքում ամեն ինչ կառավարելուց, դրա փոխարեն մի քանի հիմնական կանոններ սահմանեք՝ թույլ տալով դեռահասին հասկանալ, թե ինչպես կարող է նա դրանք իրականացնել։ Այդ կանոնները կարող են շատ պարզ լինել՝ օրինակ՝ տնային աշխատանքը պարտադիր պետք է կատարել, կամ օրվա մեջ ժամանակ պետք է հատկացնել ֆիզիկական վարժություններ կատարելուն։ Միջամտեք այն դեպքում, երբ զգում եք, որ հիմնական կանոններն անընդհատ խախտվում են։

Եթե դեռահասը երկարաժամկետ պլաններ ունի, ինչպիսին բուհ ընդունվելն է կամ ինչ-որ նախագիծ իրականացնելը, զրուցեք նրա հետ, թե ինչպես է պլանավորում դա անել՝ թույլ տալով, որ երեխան ձեզնից առաջ լուծումներ գտնի։ Ներգրավեք երեխաներին ընտանեկան միջոցառումների կամ տնային այլ հարցերի պլանավորմանը՝ թույլ տալով նրանց որոշումներ կայացնել, անգամ եթե դուք դրանց հետ համաձայն չեք։

Կենտրոնացում

Ամենատարբեր գադջեթների օգտագործման աճը կետրոնացման խնդիրներ է առաջացրել բոլոր տարիքի մարդկանց շրջանում, սակայն խնդիրն առավել նկատելի է երեխաների պարագայում։ Խոսեք դեռահասների հետ, թե ինչպես են սոցիալական ցանցերն ու կարճ տեսանյութերը խանգարում առօրյա գործերի իրականացմանը և օգնեք նրանց շեղող գործոններից խուսափելու ռազմավարություն մշակել։
Խթանեք էկրանների հետ կապ չունեցող գործնական զբաղմունքները, որոնք թույլ կտան կենտրոնանալ կոնկրետ զբաղմունքի վրա և արդյունք ստանալ։ Դա կարող է լինել որևէ ուտեստի պատրաստում, ձեռագործ աշխատանք, նկարչություն և այլն։

Ինքնատիրապետում

Սա այն դեպքն է, երբ կարևոր է հասկանալ տարբեր իրավիճակներում սեփական արձագանքը։ Ինչպես է դեռահասն արձագանքում զայրույթին կամ հիասթափությանը։ Հիշեք, որ մեր երեխաները ուշադրություն են դարձնում ոչ այնքան մեր խոսքերին, որքան մեր վարքագծին։ Դեռահասին ինքնատիրապետման հմտությունները սովորեցնելու համար խոսեք նրա հետ՝ փորձելով նրան հուշել այն միջոցները, որոնց շնորհիվ կարող է հաղթահարել խնդրահարույց իրավիճակները, օրինակ՝ խորը շունչ քաշել, փորձել ուշադրությունը շեղել տվյալ իրավիճակից և այլն։

Զայրույթի, հուզմունքի դրսևորումներից հետո խոսեք նրա հետ՝ ի՞նչը կարող էր նա այլ կերպ անել, ինչպե՞ս կվարվի հաջորդ անգամ։
Զրուցեք նրա հետ, թե ինչպես է ազդում իր վարքն ուրիշների վրա, և ինչու է կարևոր այդ մասին հիշելը։

Իրազեկվածություն

Դեռահասները սովորաբար լավ տեղեկացված են, բայց հիմնականում իրենց աշխարհի շրջանակներում, օգնեք նրանց տեսնել նաև այն, ինչ կատարվում է այդ աշխարհի սահմաններից դուրս։ Պատմեք նրանց ընթացիկ իրադարձությունների և լուրերի մասին, խոսեք, թե ինչպես են դրանք ազդում մարդկանց վրա, և ինչպես են տարբեր մարդիկ ընկալում դրանք։ Դեռահասի հետ տարբեր վայրեր այցելեք, հասարակական աշխատանքներին մասնակցեք ողջ ընտանիքով՝ ցույց տալով երեխային, թե ինչպես կարող եք նպաստել իրավիճակի փոփոխմանը։

Ճկունություն

Կյանքը մշտապես փոփոխվում է, ու դեռահասները պետք է սովորեն հարմարվել ամենատարբեր իրավիճակներին։
Մի եղեք շատ խիստ դեռահասի ժամանակը պլանավորելիս, օգնեք նրան առաջնահերթություններ սահմանել՝ թույլ տալով հասկանալ, թե ինչը կարող է հետաձգել կամ բաց թողնել և ինչ կլինի այդ դեպքում։ Նաև խթանեք որոշակի անկանխատեսելիությունը։ Դա կօգնի տարբերակել կարևորն անկարևորից և շատ չկենտրոնանալ առօրեականության վրա։ Դուք էլ օրինակ ծառայեք՝ շատ չնեղվելով, երբ ձեր պլանները չեն իրականանում։ Ամեն անգամ, երթ դեռահասին թույլ եք տալիս ինչ-որ բան անել, կա հավանականություն, որ նա կձախողի, սակայն աջակցեք նրան ամեն դեպքում՝ թույլ տալով ընկալել, որ երբեմն կարելի է նաև անհաջողության մատնվել։ Սակայն նրան օգնություն առաջարկելուց առաջ նրան հնարավորություն տվեք հարցերի լուծման եղանակներն ինքնուրույն գտնելու, և արդյունքը ձեզ կարող է զարմացնել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Harvard Health

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031