Լրահոս
Օրվա լրահոսը

Դասականը՝ որպես ազգային նիհիլիզմի «դաշնակից»

Հունվար 04,2023 10:00

Հայտնի ելույթը ստիպեց ինձ դարակից վերցնել Աշոտ Ոսկանյանի ծավալուն աշխատությունը, որը կոչվում է «Չարենցի ժամանակը»: Առաջին փորձագրությունը, որը կոչվում է «Պատմությունը՝ որպես ինքնահաղթահարում», սկսվում է այսպես. «Չարենցը հանճար է: Այս պարզ արձանագրությունն անհրաժեշտ է՝ հիշեցնելու համար, որ բանաստեղծին հնարավոր չէ սպառել, վերլուծելով նրա քերթության առանձին կողմերը եւ բնորոշելով նրան, քաղաքական կոնյունկտուրայի տարուբերումներից ելնելով»: Եվ թվարկելով այն բազմաթիվ պիտակները, որոնք սովորաբար կպցվում են մեծ բանաստեղծին, փիլիսոփան նշում է մեկը՝ «ազգային նիհիլիստ»: Հենց այդ բնորոշումը, որը կարող է, բնականաբար, միայն հազարից մեկը լինել, համապատասխանում է Հայաստանի այսօրվա իշխանության ծրագրերին:

Պաշտոնական քարոզչությունն, ըստ էության, հետեւյալն է. Արցախը, միեւնույն է, կորցրած է, մենք ոչինչ չենք կարող անել, հայերը միեւնույն է՝ այնտեղ չեն կարողանա ապրել, եկեք մտածենք 29.8 հազարանոց Հայաստանի Հանրապետությունը պահելու մասին: Եվ որպես այդ, մեղմ ասած, ոչ այնքան հասուն մտքի հաստատում բերվում է Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործությունը: Այդպիսի պարզունակ ընկալմամբ «ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն» է դառնալու ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը, Սեւանը եւ Երեւանը:

Համակարգչային մեկ էջի սահմաններում, բնականաբար, չեմ պատրաստվում վերլուծել բանաստեղծի գործը: Ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա: Քաղաքական գործիչները, մանավանդ՝ ոչ բարձր կրթական ցենզ ունեցողները եւ ճիշտ այդպիսի ընտրազանգված «սպասարկողները», սիրում են իրենց գաղափարների «դաշնակիցներ» գտնել անցյալում՝ մանավանդ, երբ այդ իբր «համախոհները» հեղինակություն են վայելում ազգի մոտ եւ իսկապես՝ մեծություններ են: Գերմանական նացիոնալ-սոցիալիստներն իրենց մարդակեր գաղափարների համար «հիմք» էին ընտրել Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությունը: Կարլ Մարքսն իր լոնդոնյան գերեզմանում շուռ կգար, եթե իմանար, թե ինչ էին, իր անունով երդվելով, անում ռուս բոլշեւիկները: Ռուս հանճարեղ գրող Ֆեոդոր Դոստոեւսկին շատ կզարմանար, եթե իմանար, որ իր գաղափարներն օգտագործում է պուտինյան քարոզչությունը՝ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը խլող պատերազմ սանձազերծելու համար:

Հիմա էլ Հայաստանի իշխանությունն է Թումանյանին եւ Չարենցին «վկա բերում» իրենց ազգային եւ, կասեի անգամ, մարդկային նիհիլիզմի համար: Ոչինչ, դասականները չեն նեղանա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինչքան խորանա հակամարտությունը ռուս ու ուկրաինացի ժողովուրդների միջեւ, այնքան վատ հայերիս համար: Երեք ժողովուրդներս էլ ոչ մի խելքը գլխին հասուն քաղհասարակություն չենք ձեւավորել, սա նշանակում է, որ մեզ մանիպուլացնելը խաղուպար է փողով կամ իշխանությամբ կամ խաբելով: Դրածո մանիպուլացվող ղեկավարներով երեք ժողովուրդներս էլ զոմբիի նման կատարում ենք ինչ մեզ հրամայում են: Մենք կարող ենք ինքնահռչակ պառլամետյոր աշխատել երկու ժողովուրդների միջեւ, չէ, ոչ թե զոմբի կառավարությունների միջեւ, այլ մեր քաղհասարակության ներկայացուցիչները կարող են մեր մայրաքաղաք հրավիրել նրանց քաղհասարակությունների ներկայացուցիչներին եւ խնդիր դնել մեր բոլորի քաղհասարակությունների մակարդակն, ուժը հզորացնելու եւ մեր կառավարությունների վրա արդյունավետ ազդելու վերաբերյալ: Այն, որ ասում են, թե ժողովուրդն է իշխանությունը, իրականում զարգացած քաղհասարակություն ունեցող ժողովուրդն է իշխանությունը, այլ ոչ թե ցանկացած ժողովուրդ: Մեր նշաձողը պետք է լինի ոչ թե կառավարությունները, այլ ժողովրդի քաղաքական մակարդակը, իսկ մակարդակով ժողովուրդը թույլ չի տա ընտրությունների ժամանակ անմակարդակ իշխանություն: Քաղհասարակությունը նա է, երբ ժողովուրդը ռազմավարական հարցերում միակարծիք է եւ ստիպում է եւ իշխանությանը եւ ընդդիմությանը համակարծիք լինել ժողովրդի միակարծիքության հետ: Այդ ռազմավարական հարցերի շուրջն էլ պետք է գան միակարծիքության մեր բոլոր երեք ժողովուրդների քաղհասարակության ներկայացուցիչները եւ հերոսաբար այն տարածեն մեր երեք ժողովուրդների մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031