Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռազմական դրությանը վերաբերող նախագիծը խոսքի ազատության սահմանափակման կամայական որոշումների հնարավորություն է տալիս»․ Արթուր Պապյան

Հունվար 03,2023 23:01

Արդարադատության նախարարության՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ անելու մասին նախագծերի փաթեթը կամ դրա որոշ դրույթներ հիշեցնում են Խորհրդային շրջանը։ Այս փաթեթը   իշխանությանը հնարավորություն է տալիս խոսքի ազատության սահմանափակման կամայական  որոշումների։  Այս կարծիքին է մեդիափորձագետ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրեն  Արթուր Պապյանը։

Նախագիծը շրջանառության է դրվել e-draft.am-ում։ Ու թեեւ հեղինակները նշում են, թե առաջարկվող իրավակարգավորումները միտված են ռազմական դրության իրավական ռեժիմի առավել արդյունավետ կանոնակարգմանը, Պապյանը գտնում է, որ այս նախագիծը մի շարք խնդրահարույց դրույթներ է պարունակում։

«Մենք կարծում ենք, որ  իրականում ռազմական դրության ժամանակ, այո, պետք է լինի իրավական որեւէ գործիք, օրենքով կարգավորվի, որպեսզի  լինեն որոշակի  սահմանափակումներ ինֆորմացիոն դաշտը  պաշտպանելու եւ արդյունավետ հակազդելու համար։ Սակայն այս նախագիծը այս խնդիրը չի լուծելու»,-ասում է Պապյանը։

Նա հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմի օրերին, 2022-ի սեպտեմբեր 13 -ից Հայաստանում ինտերնետի որոշակի արգելափակումներ են եղել։ Եվ այս փորձը հաշվի առնելով՝ Պապյանը դիմել է  ԱԱԾ-ին, խնդրել պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ, ինչ սկզբունքով են արվել այդ արգելափակումները կամ տեխնիկական ինչ միջոցներով են արել։ Սակայն որեւէ  տեղեկատվություն նրան չեն տրամադրել։ «ԱԱԾ-ից ուղղակի պատասխանել են, թե կիրառվել են ազգային անվտանգությունից բխող ինչ-որ  գործողություններ՝ առանց որեւէ բացատրության»,-ասում է Պապյանը։  Ուստի, ըստ մեդիափորձագետի, պարզաբանման կարիք ունի օրինակ՝ ի՞նչ տրամաբանությամբ են արգելափակելու կայքերը․«Ենթադրենք  TikTok- ը, որտեղ ինչ-որ անձինք, երիտասարդներ կեղծ լուրեր են տարածում։ Լավ,  արգելափակեցին, բայց արդյոք կա բացատրություն, թե ինչո՞ւ ասենք Telegram-ը չեն արգելափակելու, որտեղ նման տեղեկատվության ծավալն ավելին է, կամ ինչո՞ւ չի արգելափակվելու  Facebook-ը, որտեղ  TikTok-ից  անգամներով ավելի շատ ինֆորմացիա է շրջանառվում»։

Պապյանն ասում է,  այն փաստը, որ հրապարակային որեւէ ինֆորմացիա չկա նախկին արգելափակումների մասին, մտահոգիչ է, որովհետեւ դա թույլ չի տալիս գնահատելու, թե արդյոք նման միջոցառումներն արդյունավետ եղել, նպատակին ծառայե՞լ են, թե՞ ոչ, արդյոք կա՞ր հնարավորություն նախկին այդ փորձից դասեր քաղելու եւ հաջորդ անգամ ավելի արդյունավետ ու ճիշտ գործելու համար․ «Այսինքն, մեր մտահոգությունն այն է,  որ նախկինում կատարած արգելափակումները եղել են ոչ թափանցիկ, որեւէ հանրային վերահսկողություն, քննարկում, գնահատական ու որոշում չկա դրա վերաբերյալ։ Օրինակ, հիշում ենք «գյոռբագյոռի» պատմությունը, երբ ինչ-որ արգելափակումներ մարդկանց մոլորության մեջ գցեցին, եւ ոչ թե պաշտապանեցին, օգնեցին հանրությանը կոնսոլիդացվելու կամ իրական պատկերը տեսնելու։ Այսինքն, մենք կարծում ենք, որ եթե նոր օրենք լինի, ապա պարտադիր է,  որ նախկին պատմությունները հաշվի առնելով՝ ունենանք ինչ-որ հնարավորություն դա հետաքննելու, փաստաթղթային հետք թողնելու։ Այս նախագծով չկա որեւէ նման բան սահմանված։  Ուղղակի  կարգն են որոշում, ուղղակի փորձում են նախկին փորձը լեգիտիմացնել։ Ստեղծում են ինչ-որ մարմին, օրինակ՝ փոխվարչապետի գլխավորությամբ ու կարգ են սահմանում։ Մինչդեռ, երբ  խոսում ենք հիմնային իրավունքների սահմանափակման մասին՝ համացանցում խոսքի ազատության, ինֆորմացիայի ազատության, կարիք եմ  տեսնում, որ ստեղծվի ասենք ինչ-որ դատարան, որի որոշումները պատերազմից հետո բաց լինի հանրության համար,  որպեսզի լինի փաստաթղթային հիմք,  մասնագետների հետ խորհրդակցեն, նոր դրանից հետո որոշումներ կայացնեն,  թե ինչը արգելափակեն, ինչը՝ ոչ»։

Նախագծով առաջարկվում է՝ « 13) օրենքով սահմանված կարգով կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում.

14) Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հեռուստատեսությամբ հեռարձարկվող և համացանցի միջոցով տարածվող բովանդակության (կոնտենտի) սահմանափակում՝ ապահովելով բացառապես ռազմահայրենասիրական բովանդակությամբ հեռուստաֆիլմերի ու հաղորդաշարերի ցուցադրումը և տեղեկատվության տարածումը.

15) Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաև ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։

17) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում ինտերնետ հասանելիությամբ ապահովվող պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության և պետական պահպանության ենթակա օբյեկտների և ենթակառուցվածքների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ցանկը և դրանց ինտերնետ հասանելիության տրամադրման (ապահովման) կարգը»։

Պապյանն ասում է՝ նախկին արգելափակումները, դատելով իրավիճակից, եղել են հենց օպերատորների մոտ, եւ տպավորություն կար, որ ամեն օպերատոր ինչպես կարողացել է, այդպես էլ արգելափակել է։ Ըստ մեդիափորձագետի, նախ այստեղ  հակամրցակցայնության  խնդիր կա․ «Օպերատորը կարող է ասել՝ ես չեմ կարողանում արգելափակել, կամ այսպես եմ կարողանում եւ այլն։ Այսինքն, սահմանված չեն ձեւն ու կարգը կամ ով է վերահսկելու»։

Մեր դիտարկմանը՝ 2020-ի պատերազմի օրերին հանրային դեմքերը, երբ կարեւոր տեղեկատվություն էին ունենում, Facebook-ում այդ մասին կիսվում էին, այս օրենքով արգելվելո՞ւ են նման ինֆորմացիաներով կիսվելը, Պապյանը հիշեցրեց «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին եւ լրագրող Թաթուլ Հակոբյանին, երբ այդ օրերին՝ լինելով պատերազմական գոտում, որոշակի  մտահոգություններով էին կիսվում համացանցում․ «Փաստորեն այս օրենքով նման մտահոգությունները արգելված են լինելու։ Մինչդեռ պատերազմից հետո լրագրողական համայնքը, շատ մարդիկ ասում էին, որ չնայած սահմանափակումերին, ըստ որի, պետք է հրապարակվեին պաշտոնապես ճշտված տեղեկատվությունը, պիտի ջանք գործադրեին ավելի շատ ինֆորմացիա տալու հանրությանը, որովհետեւ, ըստ  նրանց, դա, հավանաբար, ավելի արդյունավետ կլիներ, կօգներ հանրությանը մոբիլիզացվեր եւ այլն»։

Մեդիափորձագետի խոսքով՝  այս նախագծից հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով, ինչ կարգով  պետք է օպերատորը սահմանափակի այս կամ այն  ինտերնետային ռեսուրսի գործողություն  կամ ծառայություն․ «Հիմա  ստեղծվում է օրենք, որով լայն կամայականությունների հնարավորություն է տալիս, եւ եթե  դա էլ չօգնի, որեւէ համայնքի, քաղաքի,  բնակավայրի ինտերնետն անջատելու հնարավորություն է լինելու։ Սա է՛լ ավելի խնդրահարույց է։  Սա նույնն է, թե այդ տարածքում հեռուստատեսությունը կամ ռադիոն անջատեն, ճանապարհը փակեն,  որպեսզի ոչ ոք դուրս չգա այդտեղից ու չտարածի ինֆորմացիան»։

Նախագծի 13-րդ դրույթը՝ «․․․կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք․․․» Պապյանին հիշեցնում է Խորհրդային ժամանակները, երբ հաշվագրված էին «քսերոքսները»։

Մեդիափորձագետի կարծիքով՝ այս նախագիծը վնասակար է, եւ այն չի օգնելու պաշտպանել ինֆորմացիոն դաշտը․ «Մենք որոշ պատգամավորների  հետ փորձել ենք քննարկել, բանակցել, որպեսզի օրենքը բարելավենք»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031