Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ժողովուրդը 3 տարի այդ ծայրահեղ վիճակում է եղել՝ լույս, գազ չենք ունեցել, ոչ մի բան չեղավ, կոփվեցինք, թեփը դուրս եկավ». Արսենյանը՝ Արցախի մասին

Հունվար 03,2023 21:45

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հորդորում է Արցախի շրջափակման հարցի հետ կապված «պանիկա» չստեղծել: Փոխանցեցինք ընդդիմադիր պատգամավորների  տեսակետը, որ եթե մի շաբաթ էլ այս վիճակը շարունակվի, արցախցիները ծայրահեղ իրավիճակում են հայտնվելու, Արսենյանն արձագանքեց. «Հայաստանի ժողովուրդը 3 տարի այդ ծայրահեղ վիճակում է եղել, ոչ մի բան չեղավ իր հետ առանձնապես, 3 տարի այդ վիճակում ենք եղել՝ լույս չենք ունեցել, գազ չենք ունեցել, տաք ջուր չենք ունեցել, ոչ մի բան առանձնապես չեղավ, կոփվեցինք ավելի շատ ինձ թվում է: Թեփը դուրս եկավ, մնաց իրական արժեքները, իրական գնահատականները: Իսկ պանիկան գիտե՞ք ինչ է՝ ես եւս մեկ անգամ հնչեցնեմ իմ թեզը՝ Արցախի խնդիրը երբեք այլեւս չի լինելու Հայաստանում իշխանություն որոշելու հարց: Չի՛ լինելու: Հայաստանում իշխանությունը որոշվելու է ընտրություններով ու իշխանություն ձեւավորելու է ժողովուրդը, ուրիշ որեւէ պատրվակ չի կարող լինել ու չի լինելու Հայաստանում իշխանության ձեւավորման պատճառ: Չի՛ լինելու, անցել ենք դա: Երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ անգամ բերել փորձել նույն սխեման փաթաթել Հայաստանի բնակիչներին չի ստացվի: Մի անգամ «խերվել» ենք արդեն, գիտենք դա ոնց ու ինչի համար է արվում»:

Ճշտեցինք՝ հիմա՞ էլ է Արցախի հարցը իշխանության խնդրի պատճառ՝ Արսենյանը պատասխանեց. «Միա՛յն: Չե՞ք լսում ինչ են ասում»: Դիտարկմանը՝ ձեզ էլ մեղադրում են, որ դուք ձեր օրակարգերով շեղում եք հանրությանը իրական խնդիրներից՝ Արսենյանը հեգնեց, թե՝ ԱԺ-ում, օրինակ, Արգենտինային  իր շնորհավորանքով հանրությունը շեղվում է ու ընկնում հոգեխանգարմունքի մե՞ջ. «Մեր կարեւոր ու հիմնական խնդիրն է՝ դուրս գալ կեղծ իրականության շրջանակներից, վերադառնալ առօրյա կյանք, գնահատել մեզ, հասկանալ մեր հնարավորությունները, մեր արժեքները, կեղծ արժեքները թափենք մի կողմ, հասարակությանն ու մատաղ սերնդին առաջարկենք այն, ինչ իրենց կյանքը կարող է դարձնել արդյունավետ ու մրցունակ, իրենց էլ՝ երջանիկ»:

Հիշեցրինք «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի գնահատականը՝ դա «ջայլամային քաղաքականություն» է, ուզում եք ականջները, աչքերը փակեք ու նստեք՝ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արծվիկ Մինասյանի գիտելիքները թռչնազգիների քաղաքականության իրականացման եւ տեսակների հետ կապված վիճահարույց են, որովհետեւ ինքը կարող է առաջարկեր, ասեր՝ սա պինգվինային քաղաքականություն է»:

Հարցրեցինք՝ Արցախի համար հիմա մի բան արվո՞ւմ է իշխանությունների կողմից՝ լուրջ, գործուն քայլեր, թե՞ մենք ասում ենք՝ դա մեր խնդիրը չի՝ Արսենյանը պատասխանեց. «Արցախի համար ՀՀ իշխանության կողմից արվում է այն ամեն ինչը, ինչը որ մենք հնարավոր ենք համարում անել: Անհնար բան չի արվում, արվում է այն, ինչի գործիքակազմը կա: Պետք է լինել իրատես, որովհետեւ եթե իշխանությունն իրատես չի, դա արկածախնդիրների հավաքական է, որն իր ժողովրդին տանում է փորձանքի: Մենք արկածախնդիրների հավաքական չենք եւ չենք լինելու: Մենք մեր գործունեությամբ առաջնորդվում ենք երկու կարեւոր բանով, առաջինը՝ մի վնասիր եւ երկրորդը՝  արա այն, ինչ կարող ես անել ու քիչ խոսա դրա մասին: Ես ընդդիմությանը քննադատելու որեւէ ցանկություն չունեմ, որովհետեւ իրենք իրենց տարել գցել են մի դաշտ, որտեղ մենակ դա կարող են խոսել: Ուրիշ բան չեն կարող խոսել, իրենք են իրենց ոտով գնացել մտել «փղերի գերեզման», մենք չէ: Եթե արդյունավետ ընդդիմություն լիներ, քարը քարին չէր թողնի մեր առօրյա գործունեությունը: Մատը մատին չեն խփում ու շատ շնորհակալ ենք մենք դրա համար, որովհետեւ կարողանում ենք այն օրենքները, որոնց վերաբերյալ արդեն որոշումներ ենք կայացրել, շատ արագ խորհրդարանում դարձնել գործող օրենք: Շնորհակալ ենք դրա համար, իրենք դրա համար պարգեւատրում են ստանում: Որ չեն աշխատում, պարգեւատրումը ստանալու համար պիտի հիմնավորում լինի, չէ՞, դա կարող է լինել խորհրդարանի արդյունավետությունը բարձրացնելու համար պարգեւատրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    ” Do No’t Wound me, the injured”-St. Gregory Of Narek.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031