Լրահոս
Օրվա լրահոսը

Սովն աշխարհում սաստկանում է Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով. «Ամերիկայի ձայն»

Հունվար 03,2023 21:21

2022 թվականի փետրվարի 24-ից ԱՄՆ-ն ավելի քան 11 միլիարդ դոլար է հատկացրել համաշխարհային պարենային ճգնաժամը լուծելու համար։

Երկուշաբթի օրը New York Times-ը վերլուծել է, թե ինչպես է Ուկրաինայի պատերազմը իջեցրել աշխարհում պարենային անվտանգության մակարդակը, և ինչու է ներկա իրավիճակը կրիտիկական։

Մինչ Ուկրաինայում պատերազմի բռնկումը, ԱՄՆ-ը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար էր ծախսում աշխարհում սովի կանխարգելման նպատակով: ՝ «Կերակրե՛ք ապագան» ծրագրի միջոցով ԱՄՆ-ը 20 երկրների էր ցուցաբերում նման օգնություն: Իր հոդվածներից մեկում, անդրադառնալով համաշխարհային սովին, այսպես է գրել «Նյու Յորք թայմս» օրաթերթը: Այն հիշեցնում է, որ այս ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին՝ վերջին խոշոր համաշխարհային պարենային ճգնաժամից հետո:

Սակայն Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ՝ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի ամենաաղքատ երկրներում սովի սպառնալիքը կրկին իրական է դարձել։

Փետրվարի 24-ից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 11 միլիարդ դոլար է հատկացրել՝ պարենային ճգնաժամը լուծելու նպատակով։ Սա ներառում է նաև 100 միլիոն դոլար արժողությամբ AGRI-Ukraine ծրագրի ֆինանսավորումը, որն օգնություն է տրամադրում Ուկրաինայի մոտ 13,000 ֆերմերների: Սա ուկրաինացի ֆերմերների ընդհանուր թվի 27 տոկոսն է: Նշենք, որ Ուկրաինայի տնտեսության 1/5-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:

Սակայն Ռուսաստանն արգելափակում է Ուկրաինայից հացահատիկի արտահանումների մեծ մասը: Իսկ Ուկրաինան աշխարհում ցորեն արտահանող ամենախոշոր երկրներից է: ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս են նշել, որ ռուս զինվորականները միտումնավոր կերպով են թիրախավորում ուկրաինական հացահատիկի պահեստարանները, ինչը սովորաբար համարվում է պատերազմական հանցագործություն: Հայտնի է նաև, որ ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է ցորենի վերամշակման գործարանների մի մասը։ Ուկրաինացի մեծաթիվ ֆերմերներ էլ մեկնել են պատերազմ կամ դարձել ներքին տեղահանվածներ: Արդյունքում, մեծապես է տուժել հացահատիկի և արևածաղկի ձեթի վերամշակման և արտասահմանյան շուկաներ հասցնելու ենթակառուցվածքը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը տեղեկացնում է, որ այսօր ավելի քան 345 միլիոն մարդ աշխարհում պարենային անապահով կամ սուր պարենային անապահովության վտանգի տակ է, ինչը կրկնակի անգամ գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը:

«Այսօր մենք գործ ունենք պարենային անապահովության զանգվածային ճգնաժամի հետ», – ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2022 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում աֆրիկյան առաջնորդների գագաթաժողովում:

«Հարձակում գործելով ընդդեմ Ուկրաինայի, որը համարվում է աշխարհի հացի զամբյուղը, Պուտինը հարձակում է գործում ընդդեմ աշխարհի աղքատների, խթանելով համաշխարհային սովը», ասում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը:

Ռուսաստանը շարունակում է արգելափակված վիճակում պահել ուկրաինական տասներեք նավահանգիստներից յոթը։ Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Ռուսաստանի միջև ձեռքբերված հացահատիկի գործարքը թույլ տվեց Ուկրաինայից որոշ քանակությամբ ցորեն արտահանել Սև ծովով: Գործարքը նոյեմբերին երկարաձգվեց ևս 4 ամսով: Սակայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը սպառնաց հոկտեմբեր ամսին դուրս գալ գործարքից, պարենի համաշխարհային գները բարձրացան հինգից վեց տոկոսով:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Իզոբել Քոլմանի խոսքերով, «Պուտինը աղքատության գիրկն է նետում միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր հատվածներում»։

Թեև 2022 թվականին պարենային ապրանքների գների աճը հատկապես մեծ է եղել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, աշխարհի ոչ մի տարածաշրջան իրականում զերծ չի մնացել դրանից:

Ինչպես Gro Intelligence-ի գործադիր տնօրեն Սառա Մենքերն է ասում, «Մինչեւ ուկրաինական պատերազմը պարենամթերքի համաշխարհային գներն արդեն իսկ հասել էին վերջին տասը տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակին:

«Նյու Յորք թայմս» օրաթերթին տված հարցազրույցում նա ասել է, որ.

«Գնաճն այսօր կազմում է ԱՄՆ-ում 60%-ից մինչեւ Սուդանում գրանցված 1900%-ի»:

 

Արամ Վանեցյան եւ «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031