«Ճանապարհը երկար փակ մնալ չի կարող, որովհետեւ դա վնասում է ոչ միայն Արցախի բնակիչներին, այլեւ խաղաղապահների խնդիրը կա։ Ի վերջո, Արցախում գտնվող խաղաղապահներին զենք-զինամթերք, սնունդ է պետք, նյութատեխնիկական անհրաժեշտ բաներ, որոնցից նրանք զրկված են։ Ճանապարհը, միանշանակ, բացվելու է, իսկ թե ինչպես՝ դժվար է ասել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքով՝ Արցախի շրջափակումն ու ՀՀ իշխանության կողմից հակառուսականության ակտիվացումը համընկան։
Քաղտեխնոլոգը կապ է տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տոնական ուղերձում ՌԴ-ին ուղղված մեղադրանքի հետ, որ դաշնակիցները մենակ են թողել ՀՀ-ին։ Ըստ նրա, սա տեղավորվում է «դաշնակիցը զենք չի տվել» շարքի մեղադրանքների մեջ․ «Չէր եղել այնպես, որ տոնական ուղերձում իշխանությունը քննադատություն հղեր։ Սա հերթական գծի մի հանգրվանն է, պետք չի առանձին դիտարկել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ