«Որ Թումանյան ես մեջբերում, դա անում ես նրա գրածները կարդալուց հետո՞։ Թումանյանը քո ու քո գործընկերների մասին, որոնց հետ այսօր ուզում ես բարեկամություն անել, Նիկոլ Փաշինյան, մի պարզ եւ խորը քառատող է գրել՝ բերանն արնոտ մարդակերը էն անբան․․․»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը՝ վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։
Էդգար Ղազարյան հիշեցրեց Փաշինյանի այն նախադասությունը, որ «պայքարում ենք ինքնիշխան եւ կոնկրետ պետություն ունենալու համար» եւ հարցադրում արեց՝ ի՞նչ «կոնկրետ» պետության մասին է ակնարկում․ «Ստացվում է, որ մեր պետությունը մինչեւ հիմա վերացակա՞ն էր։ Պետությունը նա հասկանում է միայն իր աշխատասենյա՞կը։ Մի հատ քո ղեկավարած պետության վիճակը նայի։ Ասում է, թե «երկիր Նաիրիից շարժվում ենք դեպի 29800 քառ/կմ շատ կոնկրետ ձեւ ունեցող ՀՀ, որը ծանր ճանապարհ է հանուն պետականության»․․․նախ, ո՞վ է չափել այդ 29800 քառ/կմ-ն, դու ո՞նց ես դա չափել։ Դրա մեջ Ջերմուկը մտնո՞ւմ է։ Որ ՔՊ-իդ հետ գնացել էիր Ջերմուկ, ինչի՞ սարերը չբարձրացար։ Քո ասած 29800 քառ/կմ-ի վրա կարո՞ղ ես հիմա ոտքդ դնել։ Կամ, ակնարկում ես, որ Արցախն այլեւս ՀՀ չի՞»։
Էդգար Ղազարյանը նաեւ նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյան իսկապես ուզում է գրկել Արցախի հայրենակիցներին, ինչի մասին ասաց իր ելույթում, հենց հիմա կարող է գնալ Արցախ ու գրկել․ «Թող գնա ու գրկի, ո՞վ է խանգարում։ Մինչեւ պատերազմը գնում էիր, ելույթ ունենում։ Բա գնա ու գրկի՝ քո թիկնազորով, «Էրատո» ջոկատով եւ քեզ ուղեկցող կարմիր բերետավորներով»։
Էդգար Ղազարյանը կարծում է, որ Փաշինյանի ուղերձի ամենավտանգավոր հատվածը հետեւյալն է․ «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը: Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»։
Կարդացեք նաև
Ըստ Էդգար Ղազարյանի՝ երբ Փաշինյանն ասում է, որ դաշնակիցները մեզ մենակ թողեցին, նկատի ունի Ռուսաստանին, իսկ շնորհակալությունը հղում է այն երկրներին, որոնք իբրեւ թե օգնել են իրենց հայտարարություններով․ «Ինչո՞վ են օգնել։ Եթե օգնել են, իրենց օգնության արդյունքում Արցախի ճանապարհը բացվե՞լ է։ Որեւէ խնդիր լուծվե՞լ է, թե քեզ օգնել են, որ Արցախը հանձնես Ադրբեջանին։ Կամ, դու ի՞նչ ես արել, որ ռուսները քեզ մենակ չթողնեն, դու կռվե՞լ ես քո երկրի համար։ Իրականում դու ես խափանել ՀԱՊԿ-ի օգնությունը ՀՀ-ին, որը փաթեթ էր՝ դիվանագիտական, ռազմական, դիտորդական»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ