Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանքից ազատված դիզայները չի ընդունում, որ հայհոյել է ոստիկանապետին

Հունվար 03,2023 15:46

Դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանը, դատարանի որոշմամբ, դեկտեմբերի 30-ից ազատության մեջ է: Դատարանը բեկանել է կալանքի որոշումը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանեսքեհյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկաններն իր տան մոտից, երեք երեխաների աչքի առջեւ ձեռնաշղթաներ էին հագցրել եւ տարել Արաբկիրի ոստիկանական բաժանմունք, այնտեղ նրան ծեծել՝ պատճառելով թմբկաթաղանթների պատռվածք, ուղեղի ցնցում, գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դիզայները հայհոյել է ոստիկանական համակարգը, ոստիկանապետին:

Վանեսքեհյանի դեպքով, ըստ քննչական կոմիտեի, երկու քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեկը՝ նրան խոշտանգելու հատկանիշներով, մյուսը` նրա կողմից ոստիկանության ծառայակցի նկատմամբ ուժ կիրառելու հատկանիշներով։ ՔԿ–ն, մասնավորապես, տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 01:00-ի սահմաններում, լռության կանոնների խախտման վերաբերյալ ստացված ահազանգով պարեկներն ու ոստիկանները գնացել են Երևան քաղաքի Սարմեն փողոցի համապատասխան հասցե։ Այնտեղ նկատել են, որ 2 քաղաքացի միմյանց փոխադարձ հարվածներ են հասցնում և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ: Քաղաքացիներից մեկը ոստիկանության ծառայության աշխատակիցներին հարվածներ է հասցրել և պոկել պարեկային ծառայության աշխատակցի համազգեստին ամրակցված տեսախցիկը։ Նշված անձը՝ Վանեսքեհյանը, տեղափոխվել է բաժին և ձերբակալվել` հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Արմեն Մելքոնյան

Վերջինիս պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց՝ իրեն դեռ հայտնի չէ, արդյոք իր պաշտպանյալին խոշտանգելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակում կա՞ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ, թե՞ ոչ. «Քննություն է ընթանում, ստացված վնասվածքների վաղեմության ժամկետները, ըստ փորձաքննության արդյունքների, համընկնում են դեպքի օրվան»:

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում, որ հայհոյել է ոստիկանապետին, ոստիկանական համակարգը, իսկ մեր հարցին, թե ինչո՞վ է բացատրում ոստիկանություն տարվելու եւ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու փաստը, փաստաբանը պատասխանեց. «Այս պահին չեմ ուզում այդ մասին մանրամասներ ասել, իր հետ պետք է դեռ քննարկեմ, մարտավարությունը հասկանանք, նոր կխոսեմ: Ամենակարեւորը, որ նա ազատության մեջ է»:

Վանեսքեհյանն ուներ առողջական խնդիրներ, մինչեւ ոստիկանների հետ ունեցած միջադեպը պատրաստվում էր վիրահատվել:

Լուսանկարը՝ Էդուարդ Վանեսքեհյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031