«Քանի դեռ այս չարիքը մեր իշխանության գլխին է, մեզ սպասվում են նոր պատերազմներ, կորուստներ ու ցեղասպանություն։ Փաստն այսօր Արցախի վիճակն է։ Արցախը «լուռ» պատերազմի մեջ է, որովհետեւ նման շրջափակումը պատերազմի տարր է։ Ի՞նչ տարբերություն մարդկանց ոնց են սպասում՝ կրակելո՞վ, թե՝ սովամահ անելով»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։
«Ակնհայտ է, որ չկա հույս ու նշույլ, որ ճանապարհը կարող է բացվել․ Անգամ, եթե ինչ-որ հրաշքով բացվի, դա լինելու է նախապայմաններով՝ ադրբեջանական հենակետեր, հսկիչ-անցակետեր։ Տեղաշարժը վերահսկելու են, այսինքն, ըստ էության, փակ են պահելու ճանապարհը։ Սա դեռ զգուշացրել եմ Բերձորն Ադրբեջանին հանձնելուց առաջ։ Այսօրվա վիճակը դրա հետեւանքներից է։ Նույնն աստիճանաբար հասնելու է կապանցիներին, եղեգնաձորցիներին եւ երեւանցիներին։ Ադրբեջանն իր բոլոր նպատակներին հասել է Նիկոլ Փաշինյանի օրոք», – նշեց Էդգար Ղազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ