Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի նպատակն է, որ ոչ միայն Արցախը հանձնի Ադրբեջանին, այլեւ հանձնի առանց հայերի ու խաղաղապահների»․ Էդգար Ղազարյան

Հունվար 03,2023 13:40

«Հունվարի 9-ից պետք է դուրս գանք պայքարի՝ սրանց իշխանությունից վռնդելու համար, որովհետեւ Արցախի շրջափակման այս աննախադեպ իրավիճակն այլեւս հատում է սպասումների եւ հնարավոր լավատեսության բոլոր սահմանները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախի շրջափակումը սովորական գործընթացներով հնարավոր չէ բացել․ «23 օրվա վերլուծությունը վկայում է, որ սա միայն մարդասիրական բնույթ չի կրում, թեեւ մեր համար կարեւոր է, բայց մարդասիրական հարցերը լուծելի են, եթե քաղաքական խնդիրները լուծվեն։ Արցախը նաեւ քաղաքական շրջափակման մեջ է եւ դա հավաստեց Իլհամ Ալիեւը՝ իր տոնական ուղերձում՝ մատնանշելով Պրահայում Փաշինյանի տված խոստումները։ Պրահայում եւ Սոչիում Ալիեւն ասել է, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Եթե այդպես է, նշանակում է, որ ադրբեջանական ընկալումներում այլեւս դա շրջափակում չի, այլ իրենց տարածքի նկատմամբ վերահսկողություն է, որն Ադրբեջանը հաստատել է այդ եղանակով։ Այսինքն, ճանապարհը փակվել է ոչ թե ադրբեջանցիների, այլ Նիկոլ Փաշինյանի եւ Ալիւեի կողմից։ Փաշինյանն է փակել այդ ճանապարհը, ուղղակի խնդրել է, որ դա անի ոչ թե ախուրյանցի Անոն, այլ ադրբեջանցի բնապահպանները»։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ այս իրավիճակը սկսվել է ոչ միայն Պրահայի հայտարարությամբ, այլ ավելի վաղ՝ 2020թ․-ի նոյեմբերի իննի փաստաթղթով եւ Նիկոլ Փաշինյանի գրչի մի հարվածով. «Հիմա ադրբեջանցիներին խորապես անհանգստացնում է ՌԴ խաղաղապահների ներկայությունը, որովհետեւ եթե դա Ադրբեջան է, ապա ի՞նչ գործ ունեն ռուսներն Ադրբեջանի տարածքում։ Ընդ որում, Ադրբեջանի որեւէ պաշտոնյա այդ մասին չի հայտարարում, որ խաղաղապահները պետք է օր առաջ դուրս գան։ Մի թթու խոսք չեք լսի ՌԴ-ի եւ խաղաղապահների վերաբերյալ։ Եթե մինչեւ հիմա Հայաստանն էր ՌԴ-ի գործընկերը եւ հրաժարվում է դրանից, ապա ՌԴ-ին մեր տարածաշրջանում այլ գործընկեր է պետք՝ Ադրբեջանը։ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետեւանքով ՌԴ-ի համար մեծանում է Ադրբեջանի դերը, ուստի կայացվող որոշումներն ի օգուտ Ադրբեջանի են»։

Էդգար Ղազարյանը վստահ է, որ ռուսների՝ Արցախից դուրս գալուց հետո Արցախը հայաթափվելու է, եւ ադրբեջանցիներն անգամ փող են ծախսելու՝ 10-20000 արցախցիների տեղում պահելու համար, որպեսզի ցույց տան, թե բռնի տեղահանում ու ցեղասպանություն չի եղել, թե արցախցիները հեռացել են ինքնակամ․ «Սա է Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի երազանքը։ Փաշինյանի հայտարարությունների, քաղաքականության իմաստը նրանում է, որ ոչ միայն Արցախը հանձնի Ադրբեջանին, այլեւ հանձնի առանց հայերի եւ առանց ՌԴ խաղաղապահների։ Այդպես Արցախը դառնալու է Ադրբեջանի այլ շրջանների նման։ Սա դեռ մի մասն է։ Ալիեւի հայտնի պահանջները չեն փոխվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031