ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թոռան կողմից տատի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարույթային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում ՝ շարժառիթը:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի՝ 2004 թվականի բնակիչը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն բնակարանում բնակվող 82-ամյա տատի հետ, որի ժամանակ, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդ կերպ սպանելով նրան:
Այնուհետև իրականությունը խեղաթյուրելու՝ ինքնասպանության կեղծ պատրանք ստեղծելու նպատակով, տատի դիակը տեղափոխել է ննջասենյակի մահճակալի վրա, իսկ հանցագործության գործիք դանակը դրել դիակի աջ ձեռքի դաստակի մոտ:
Կարդացեք նաև
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ