Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը խուսափում է մեղադրել Ադրբեջանին Բերձորի միջանցքի արգելափակման հարցով․ այդ մասին վկայում է մի հավելյալ ապացույց ևս. Ստեփան Հասան–Ջալալյան

Հունվար 03,2023 10:16

ԻՆՉՈ՞ւ Է ՌՈւՍԱՍՏԱՆԸ ՁԱԽՈՂԵԼ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑՈՎ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅԱՆ ԸՆԴՈւՆՈւՄԸ

Եվրոպական միությունում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը թվիթերի իր էջում 31.12.2022թ. շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին՝ Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունումը ձախողելու համար։

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նշված հայտարարությունը չընդունելու վերաբերյալ 31.12.2022թ. տելեգրամյան իր ալիքում, մասնավորապես, հայտնել է հետևյալը.

«…մենք, ի տարբերություն արևմտյան երկրների, ԼՂ-ում, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շուրջ, ոչ թե խոսքերով, այլ գործով ենք զբաղված հակամարտության կարգավորմամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և վիճելի հարցերի լուծումները փնտրում են կողմերի հետ շփումներում։ Անկախ ներկայիս սրացումից՝ ամենաբարձր մակարդակով չորս համատեղ հայտարարությունները, որոնց աջակցում են և՛ Բաքուն, և՛ Երևանը, մնում են կարգավորման հիմքը։ Հայտարարության վրա աշխատելիս մեր նախկին արևմտյան գործընկերները համարձակություն չգտան նշելու այս փաստաթղթերը և ռուս խաղաղապահների ջանքերը»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ Ռուսաստանը չի համաձայնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծի հետ երկու պատճառով՝ առաջին՝ տեքստում չի նշվել, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն Արցախում իրականացնում է խաղաղապահ առաքելություն և երկրորդ՝ տեքստում չի հիշատակվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված չորս փաստաթղթերի մասին: Խոսքը վերաբերում է 9.11.2020թ., 11.01.2021թ. Մոսկվայի, 26.11.2021 Սոչիի և 31.10.2022թ. Սոչիի հայտարարություններին:

Փաստորեն, նկատի առնելով վերոգրյալը, կարող ենք հանգել հետևյալ եզրակացության. հայկական կողմի համար հույժ կարևորություն ունեցող Բերձորի միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը չի ընդունվել նաև Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի պատճառով:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր վերոնշյալ տելեգրամյան գրառմամբ հայտարարել է նաև հետևյալը. «Մենք հաստատապես հավատում ենք, որ Անվտանգության խորհրդի պատասխանը պետք է օգնի գտնել փոխզիջում և վերսկսել խաղաղ գործընթացը՝ առանց որևէ կողմին պիտակավորելու»:

Ի՞նչ է նշանակում «առանց որևէ մեկին պիտակավորելու» ձևակերպումը: Ոչ դիվանագիտական լեզվով նշանակում է առանց Հայաստանին կամ Ադրբեջանին մեղադրելու: Եթե, ինչպես ասում են, անզեն աչքով բոլորի, այդ թվում նաև Ռուսաստանի, համար տեսանելի է, որ Բերձորի միջանցքի Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը փակել է օկուպանտ Ադրբեջանը՝ խախտելով 9.11.2020թ. հայտարարության 6-րդ կետը, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը խուսափում ուղիղ մեղադրել օկուպանտ Ադրբեջանին դրա համար:

Իսկ որ Ռուսաստանը խուսափում է մեղադրել Ադրբեջանին նշված միջանցքի արգելափակման հարցով, այդ մասին վկայում է մի հավելյալ ապացույց ևս:

Բերձորի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 30.12.2022թ. հանդես գալով պարզաբանմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Կոչ ենք անում Բաքվին ու Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները»:

Անընդունելի է ստեղծված իրավիճակում նաև Երևանին ուղղված Մոսկվայի կոչը: Եթե օկուպանտ Ադրբեջանն է փակել Բերձորի միջանցքի Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը ապա ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան կոչ անում նաև Երևանին՝ պահպանելու 9.11.2020թ. հայտարարության բոլոր դրույթները, այդ թվում տվյալ հայտարարության 6-րդ կետը, որը վերաբերում է Բերձորի միջանցքի նկատմամբ Ռուսաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառություններին:

9.11.2020թ. հայտարարության ստորագրումից հետո Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Փառուխ և Քարագլուխ բնակավայրերը գտնվել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սակայն, օկուպանտ Ադրբեջանը, խախտելով հայտարարության 1-ին կետը, ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում այնտեղ, որտեղ 9.11.2020թ. դրությամբ գտնվում են, համապատասխանաբար 12.12.2020թ. և 24.03.2022թ. օկուպացրել են նշված բնակավայրերը: Իսկ Ռուսաստանը մինչև հիմա չի ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները վերադառնան ելման դիրքեր: Կամ եթե ձեռնարկել է, ապա դրանք չեն տվել ցանկալի արդյունք: Լիովին գոյության իրավունք ունեցող հարց. ինչո՞ւ Ռուսաստանը պատշաճ կարգով չի կատարում 9.11.2020թ. հայտարարությամբ ստանձնած իր հանձնառությունները:

Կա՞ արդյոք 9.11.2020թ. հայտարարությամբ ամրագրված որևէ դրույթ, որը պաշտոնական Երևանը չի կատարել, չկա: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Մոսկվան նշված հայտարարության բոլոր դրույթները խստորեն պահպանելու մասին կոչն ուղղի իրեն՝ Ռուսաստանին, և օկուպանտ Ադրբեջանին:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել նաև հետևյալը. Բերձորի միջանցքի արգելափակման առնչությամբ ուղիղ չտալով օկուպանտ Ադրբեջանի անունը, պաշտոնական Մոսկվան արդարացիորեն առաջնորդվում է Ռուսաստանի պետական շահով, այն է՝ չի ցանկանում փչացնել միջպետական հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Հետևաբար, հաշվի առնելով այս ամենը՝ մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից ու այդ խնդիրները լուծենք մենք և բացառապես միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով:

Բերձորի միջանցքի արգելափակված հատվածը պետք է բացվի հայկական կողմի նախաձեռնությամբ: Ուժով պետք է վերականգնել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածի բնականոն երթևեկությունը:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                                        

քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031