Աղիների բարենպաստ միկրոֆլորան մարդու առողջության գրավականն է, ուստի շատ կարևոր է, թե ինչպիսի միկրոօրգանիզմներով է այն «հարստանում»։
Հաստ աղիքը 100 տրիլիոն «լավ» բակտերիաներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են առողջության համար։ Միկրոբիոմը կերտող այդ մանրէներն օգնում են պահպանել աղիների առողջ գործառույթն ու անգամ պայքարում են աղիների բորբոքային հիվանդությունների դեմ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարևոր դեր ունեն քաշի և տրամադրության կարգավորման հարցում։
Յուրաքանչյուր մարդու միկրոբիոմ առանձնահատուկ է ծնված օրվանից, իսկ հետագա փոփոխությունները կախված են մարդու սննդային նախասիրություններից։
Կարդացեք նաև
Աղիների միկրոբիոմն օգտակար մանրէներով հարստացնելու համար լավագույն միջոցներ են համարվում՝
Կաթնաթթվային մթերքները․ յոգուրտ և կեֆիր․ այս մթերքները գնելիս ուշադիր եղեք պիտակներին՝ նախապատվությունը տալով կենդանի և ակտիվ միկրոօրգանիզմներով հարուստ տարբերակներին։
Ֆերմենտացված մթերքներ․ որոշ մթերքներ «պատրաստվում են» հենց օգտակար մանրէների կողմից։ Օրինակ՝ թթվեցրած բանջարեղենի տեսակներն այդ բարի բակտերիաների գործունեության արդյունք են իրականում, հատկապես կաղամբը, որի ֆերմենտացված տարբերակը «սուպերֆուդ» է համարվում։
Պրոբիոտիկներն այն մթերքներն ու հավելումներն են, որոնք կենդանի մանրէներ են պարունակում։ Պրոբիոտիկ մանրէներն օգնում են պահպանել աղիների բարենպաստ միկրոբիոմը՝ կարգավորելով թթվայնությունն ու ճնշելով ախտածին մանրէների աճը։
Իհարկե, դեղատներում առկա են նաև պրոբիոտիկների հավելումներ, սակայն դրանք ընտրելիս պետք է խորհրդակցել մասնագետի հետ։
Սովորաբար այդ հավելումները մանրէների մի քանի շտամներ են պարունակում, իսկ աղիներում մոտավորապես 3000 շտամ կա։ Կոնկրետ մանրէներն օրգանիզմում որոշակի դեր են խաղում, ուստի եթե դուք ցանկանում եք բուժել գրգռված աղու համախտանիշը կամ փորլուծությունը, պետք է ընտրեք այն հավելումները, որոնք ճիշտ մանրէներ են պարունակում տվյալ խնդիրների դեմ պայքարելու համար։
Ընդհանուր վիճակի բարելավման համար կարող են օգտագործվել կաթնաթթվային այն մթերքներն ու հավելումները, որոնք Lactobacillus կամ Bifidobacterium են պարունակում։
Պրեբիոտիկները հիմնականում պարունակվում են բուսական ծագման մթերքներում և «կերակրում են» աղիների օգտակար մանրէներին։ Սննդային պրեբիոտիկ մանրաթելերը, կայուն օսլաներն ու պոլիֆենոլները նպաստում են այդպիսի մանրէների աճին ու ակտիվությանը։
Աղիների միկրոբիոմը բարելավելու ևս մեկ տարբերակ է սննդակարգը բջջանյութով, հատկապես չլուծվող մանրաթելերով հարուստ սննդամթերքով հարստացնելը։ Այդպիսի մթերքներ են լոբին, ոսպը, վարսակն ու խոշոր աղացած ցորենից պատրաստված հացը, բանջարեղենի տեսակները՝ սոխը, ծնեբեկը, քաղցր կարտոֆիլը, եգիպտացորենը և այլն։
Փորձեք սահմանափակել շաքարով, հագեցած ճարպաթթուներով հարուստ և վերամշակված մթերքների օգտագործումը, քանի որ դրանք նպաստում են աղիների օգտակար մանրէների վերացմանը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Harvard Health