Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվ դիտորդները» եւ «բարոյապես աջակցողները»

Հունվար 03,2023 10:00

«Անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները (այսինքն՝ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը – Ա.Ա.) մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ, որպես այլընտրանք, առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը: Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին (ենթադրաբար, առաջին հերթին Ֆրանսիային – Ա.Ա.) և միջազգային կազմակերպություններին, որոնք անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ», – այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ելույթում: Գնահատականը ճիշտ է, «ակտիվ դիտորդի» մասին հեգնանքը՝ տեղին:

Եթե դա լիներ շարքային լրագրողի ելույթ/հոդված, ապա կմնար միայն մի հատ like դնել կամ «համամիտ եմ» մեկնաբանություն գրել: Բայց խոսքերի հեղինակը պետության ղեկավար է, որի գործողություններից եւ խոսքերից է կախված ՀՀ-ում ապրող 3 միլիոն եւ Արցախում շրջափակված 120 հազար մարդու ճակատագիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ «դաշնակիցները», որոնք պարտավորվածություն ունեն եւ չեն կատարում, գոնե տեսականորեն ի վիճակի են բացել Բերձորի միջանցքը եւ հակազդել Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի սահմաններում, իսկ մեզ համակրող երկրներն ու միջազգային կազմակերպությունները կարող են աջակցել միայն բարոյապես (ինչպես աջակցում էին 1915 թվականին): Ֆրանսիան չի կարող եւ չի ցանկանում զորք ուղարկել Հայաստանի սահմաններ, առավել եւս՝ Բերձորի միջանցք: Այդ երկիրը եւ ընդհանրապես ԵՄ-ն երբեք պատժամիջոցներ չի սահմանի իրեն գազ վաճառող Ադրբեջանի հանդեպ:

Ավելին՝ Ֆրանսիան չկարողացավ անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացնել հայտարարություն, որում կոչ կարվեր բացել Բերձորի միջանցքը: ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից այդ փաստաթուղթը տապալեցին Մեծ Բրիտանիան, որը բիզնես շահեր ունի Ադրբեջանում եւ Արցախում, եւ Ռուսաստանը, որն առեւտուր ունի Թուրքիայի հետ: Հանուն արդարության ասենք, որ եթե նույնիսկ նման հայտարարություն ընդունվեր, դա խնդիր չէր լուծի:

Այնպես որ, միանալով «բարոյական աջակցության» համար շնորհակալություններին, ուզում եմ առաջարկել մեր իշխանություններին՝ աշխատել Ռուսաստանի հետ: Ոչ թե բողոքել, կշտամբել, նեղանալ եւ իր քարոզիչների միջոցով անիծել, այլ՝ աշխատել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ռուսները չեն ուզում աշխատել մեզ հետ,իրենք մեզնից միջանցք են ուզում,որով կկապեն ամբողջ թուրքական աշխարհն իրար,մեզ եռակողմ թուրքական շրջափակման մեջ կվերցնեն ու, ի վերջո,անհետաքրքիր դարձնելով ամբողջ աշխարհի համար,կվերացնեն մեզ որպես պետություն։
    Պուտինյան Ռուսաստանի և իմ Հայաստանի շահերը չեն համընկնում։

  2. Արեն says:

    Լիովին համաձայն եմ առաջարկի հետ, միայն կավելացնեի, որ Սփյուռքն էլ չպետք է պասիվ դիրք ընդունի (հատկապես ռուսական սփյուռքը)՝ ակտիվ պետք է լինել, նախաձեռնող։ Իսկ վերը մեկնաբանողին («հայ») ու նրա նման մտածողներին կառաջարկեմ ՇԱՏ ուշադիր ուսմնասիրել մեկ դար առաջվա իրադարձությունները, երբ հայկական առաջին հանրապետության «էլիտան» էլ էր մտածում , որ Լենինյան Ռուսաստանի հետ շահերը չեն համնկնում ու սպասում էին ամերիկացիների եւ եվրոպացիների «օգնությանը», իսկ թուրքերը եւ թուրք-թաթարներն իրենց «չեղած շահերը» առաջ տարան ու մինեւ այսօր չենք կարողանում ամենը հետ բերել։

    • Հայ says:

      Ձեր խորհրդով լավ ուսումնասիրեցի Լենինի արկածները Հայաստանում և Թուրքիայում։ Կարծում եմ թաթար Լենինի արձանը պակասում է Անկարայում։

  3. Hovik Manvelyan says:

    Հոդվածում կարդում ենք՝
    ԵՄ-ն երբեք պատժամիջոցներ չի սահմանի իրեն գազ վաճառող Ադրբեջանի հանդեպ:
    Հարց հեղինակին, այդ ինչպե՞ս եղավ, որ ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց իրեն գազ վաճառող Ռուսաստանի դեմ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      1. ԵՄ-ի համար Ուկրաինան քաղաքականապես 100 անգամ կարեւոր է, քան Հայաստանն ու Արցախը: 2/ Հենց այն պատճառով, որ ԵՄ-ի հրաժարվել է ռուսական գազից, նրան պետք է ադրբեջանական գազը: Ընդ որում, դա մասամաբ նույն ռուսական գազն է, որը գալիս է Ադրբեջանի միջով: Շնորհակալություն իմ հոդվածին արձագանքելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031