2023 թվականի հունվարի 2–ին 76 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց Կամո Տեր-Պետրոսյանը։
Երեւանի պետական բժշկական ինստիտուտը 1971 թ. ավարտելուց հետո աշխատանքային առաջին շրջանում արդեն նա համարվում էր լավագույն սրտաբաններից մեկը։ 1992 թվականից ավելի քան տասը տարի Կամո Տեր-Պետրոսյանը, որպես հիմնադիր տնօրեն, ղեկավարել է «Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն» բարեգործական կազմակերպության հայաստանյան կառույցը, որի Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում եւ Ստեփանակերտում գործող վեց դարմանատները անվճար բժշկական օգնություն էին մատուցում երեխաներին։
Երկու հանգամանք Կամո Տեր-Պետրոսյանին հայտնի դարձրեցին ավելի լայն հանրությանը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում։ Առաջինի մասին Կամո Տեր-Պետրոսյանը խոսում է իր հարցազրույցներից մեկում.
«Մեր ծնողների սերունդը մի ավանդույթ ուներ. տան մեջ անընդհատ զրույց կար: Թեման` գրականություն, արվեստ: Հավաքվում էին Դավիթ Մալյան 4-ի մեր հարևանները` լեզվաբաններ, քիմիկոսներ, ատոմային էներգիայի մասնագետներ, բժիշկներ, ու հնարավոր չէր մի բառ բաց թողնել նրանց զրույցից, կատակներից: Ու որպես կանոն` բոլորը հրաշալի գրականություն գիտեին»:
Կարդացեք նաև
Գրականության նկատմամբ սիրուն ու ինքնուրույն ստացած գիտելիքներին գումարվեց ասմունքելու նրա բնատուր շնորհքը։ Արդեն դպրոցական, ապա ուսանողական տարիներից նրա ասմունքը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Չունենալով հանդերձ տվյալ բնագավառի մասնագիտական կրթություն, Կամո Տեր-Պետրոսյանը հայտնի դարձավ հայ ու մասնավորապես արեւմտահայ պոեզիայի գեղեցիկ ու յուրօրինակ մատուցմամբ ու մեկնաբանությամբ։ 1968 թվականից Հայաստանի պետական ռադիոյի արտասահմանյան գրական հաղորդումների, 1995-ից նաեւ տեղական գրական հաղորդումների խմբագրությունների ծրագրերում նա ներկայացնում էր հայ բանաստեղծությունը։ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի նրա մեկնաբանություն-կատարումները շատ մեծ լսարան ունեին։
Կամո Տեր-Պետրոսյանը հայտնի է նաեւ իր հասարակական գործունությամբ՝ որպես «Մուսա լեռ» ամենակազմակերպված հայրենակցական միության երկարամյա նախագահ։
Հայ ազգային կոնգրեսը խոր վշտով ցավակցում է Կամո Տեր-Պետրոսյանի ընտանիքին, Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հանգուցյալի բոլոր հարազատներին, մտերիմներին ծանր կորուստի առիթով։
Հայ ազգային կոնգրես